Astghik hakobyan

Անսպասելի վայրէջք

Հինգ տարեկանում մեր բարեկամներից մեկն ինձ մի շրջազգեստ էր նվիրել։ Զգեստն ամբողջությամբ կարմիր էր, մեջքը, թևերն ու փեշը եզրավորվում էին սպիտակ ժանյակներով։

Մայրս այնքան էլ չէր սիրում այդ զգեստը, ու քանի որ այդ տարիքում երեխան հագնվում է մայրիկի ճաշակով, ես այդ զգեստը գրեթե չէի կրում։

Այդ օրը մայրիկն ու տատիկը, այսպես ասած, «հացի» էին։ Այդ տարիներին հացը դեռ թոնրով էին թխում, ու նրանք պետք է առավոտից գործի անցնեին։

Մայրիկս, բացելով զգեստապահարանը, անսպասելիորեն որոշեց, որ ես պետք է հագնեմ վերոնշյալ կարմիր շրջազգեստը։ Նա հագցրեց ինձ ու եղբորս, մեզ համար նախաճաշ պատրաստեց, ու խնդրելով, որ տանը խաղանք, չկռվենք՝ գնաց հացատուն, տատիկն արդեն վաղուց սկսել էր գործը։

Ես ու եղբայրս երկար ժամանակ խաղում էինք, բայց ես հանկարծ որոշեցի, որ պետք է գնամ հացատուն՝ մամային ու տատիին օգնելու, ու գնացի։ Իսկ ինչպե՞ս էի օգնում․ սկզբում հացի սեղանից բռով վերցնում էի ալյուրն ու շաղ տալիս ինքս ինձ վրա՝ երևակայելով, թե երկնքից իջնում են ձյան կախարդական փաթիլներ։ Հետո, երբ դրանից հոգնեցի, սկսեցի հացի գնդերը տրորել։ Ես գնացել էի օգնելու, բայց փաստորեն ավելի շատ խանգարում էի։ Մայրիկն ու տատիկն ինձնից «ազատվելու» համար ինձ խմորի մի կտոր տվեցին, ուղարկեցին դրանով խաղալու։ Բայց ես մտածեցի, որ մեր հավերը սոված են, ու ես պետք է նրանց կերակրեմ այդ խմորով։

Հացատնից դուրս եկա ու գնացի ուղիղ դեպի հավաբուն։ Հավաբուն տանող ճանապարհն անցնում էր գետնափոր հորի վրայով։ Հորն ուներ երեք մետր խորություն, մենք այն օգտագործում էինք կարտոֆիլն ամբարելու և ձմռանը ցրտից պաշտպանելու համար։

Բարեբախտաբար, թե դժբախտաբար, այդ տարի մենք կարտոֆիլը տարել էինք նկուղ, իսկ հորում հայրիկս իջեցրել էր քար, երկաթի կտորներ ու մի մեծ փայտե աստիճան։

Տարվել էի խմորի գնդիկով, փորձում էի այն հավասարաչափ բաժանել հավերի քանակով ու չնկատեցի, թե ինչպես ոտքս դրեցի բաց հորի մեջ․․․

Ես կախված եմ օդում, առանց ինչ-որ բանից բռնվելու, շուրջը մութ է։ Գլխավերևից լսում եմ մայրիկի ու տատիկի լացը, հայրս գոռում է․ «Աստը՜ղ, Աստը՜ղ»։ Հետո օդից «վրաս» իջավ հորեղբայրս, գրկեց ինձ։

Պարզվեց, որ փայտե աստիճանից մի մեծ մեխ կար դուրս մնացած, ու կարմիր շրջազգեստի փեշի սպիտակ ժանյակը, կախվելով դրանից, ինձ պահել էր օդում՝ ընդամենը 80 սմ-ով բաժանելով քարերից ու երկաթի կտորներից։

Այդ օրվանից մայրս մոռացավ, որ երբևէ չի սիրել շրջազգեստը։ Վաղուց կարմիր շրջազգեստը փոքր է ինձ համար, բայց մայրս այն խնամքով պահում է իր զգեստապահարանում, որպես փրկված կյանքիս սիրելի հուշ։