Աստղիկ Հակոբյանի բոլոր հրապարակումները

Astghik hakobyan

Վախենում եմ մթությունից

Կարդալով նյութիս վերնագիրը, գուցե շատերը «մթություն» բառը հասկանան ուղիղ իմաստով, մտածեն, որ ես վախենում եմ իսկական խավարից, անլույս տարածություններից։ Սակայն հուսով եմ նաև, որ կլինեն մարդիկ, ովքեր հենց միայն վերնագիրը կարդալով՝ կհասկանան մտքերիս իրական ուղղությունը, «մթություն» բառիս իրական իմաստը։ Կհասկանան, որ ես ոչ թե վախենում եմ գիշերը միայնակ բակ դուրս գալուց, այլ ցերեկը, այդ նույն բակում, փողոցում, ու ընդհանրապես կյանքում «մութ» մարդկանց հանդիպելուց։ Երևի դրանք կլինեն այն մարդիկ, ովքեր իրենք էլ զգում են իմ ունեցած վախը՝ վախ «մութ» մարդկանցից։

Մարդիկ կորչում են իրենց իսկ ներսում ապրող խավարում, ամբողջովին պարուրվում են նրանով՝ այլևս անտեսելով ամենայն մարդկայինն ու արժեքավորը կյանքում՝ բարությունը։ Ու ամեն օր մենք ականատես ենք լինում մի նոր ողբերգության, մի նոր մարդկային մթության։

Գումարը չվճարելու համար՝ տանտերը դուրս հանեց մորն ու զավակներին՝ անօթևան թողնելով բաց երկնքի տակ․․․ Հայրը մեկնել էր գումար վաստակելու, ու հանդիպելով փողի գայթակղությանը՝ մոռացավ նորաստեղծ ընտանիքի մասին, թողեց բախտի քմահաճույքին նրանց, ովքեր սպասում էին իրեն․․․ Բժիշկը չվիրահատեց հիվանդին, որովհետև նրա հարազատները չկարողացան նույն պահին վճարել, ու նա մահացավ: Վարորդը, խախտելով երթևեկության կանոնները, վրաերթի ենթարկեց հետիոտնին, ապա դիմեց փախուստի՝ նրան ընկած թողնելով փողոցում: Դատավորը վճիռ կայացրեց ընդդեմ անմեղի, որովհետև մեղավորն ավելի հարուստ էր: Ու էլի խավար…

Այս երևույթների աղբյուրը «մթությունն» է։ Բայց դեռ ամբողջովին չի տիրել խավարը, մենք դեռևս դիմավորում ենք այգաբացը, տեսնում ենք արևը, լույսը։ Ու «մութ» մարդկանց կողքին դեռ հանդիպում են «արևները», նրանց շնորհիվ է, որ մենք դեռևս փարատում ենք մեր վախերը։ Սխալվել կարող է յուրաքանչյուրը բայց ոչ ոք չպետք է չարանա, կրկնելով՝ թե «կյանքն է ստիպում սառը լինել»։

Բարությունը կյանք արժե, ու երջանկություն է դիմացինին օգնելն առանց շահադիտական նպատակների։ Բարին տարածելու լավագույն ճանապարհը բարություն գործելն է։

Ես վախենում եմ «մթությունից», դրա համար էլ պաշտում եմ «արևը»։

Astghik hakobyan

Անսպասելի վայրէջք

Հինգ տարեկանում մեր բարեկամներից մեկն ինձ մի շրջազգեստ էր նվիրել։ Զգեստն ամբողջությամբ կարմիր էր, մեջքը, թևերն ու փեշը եզրավորվում էին սպիտակ ժանյակներով։

Մայրս այնքան էլ չէր սիրում այդ զգեստը, ու քանի որ այդ տարիքում երեխան հագնվում է մայրիկի ճաշակով, ես այդ զգեստը գրեթե չէի կրում։

Այդ օրը մայրիկն ու տատիկը, այսպես ասած, «հացի» էին։ Այդ տարիներին հացը դեռ թոնրով էին թխում, ու նրանք պետք է առավոտից գործի անցնեին։

Մայրիկս, բացելով զգեստապահարանը, անսպասելիորեն որոշեց, որ ես պետք է հագնեմ վերոնշյալ կարմիր շրջազգեստը։ Նա հագցրեց ինձ ու եղբորս, մեզ համար նախաճաշ պատրաստեց, ու խնդրելով, որ տանը խաղանք, չկռվենք՝ գնաց հացատուն, տատիկն արդեն վաղուց սկսել էր գործը։

Ես ու եղբայրս երկար ժամանակ խաղում էինք, բայց ես հանկարծ որոշեցի, որ պետք է գնամ հացատուն՝ մամային ու տատիին օգնելու, ու գնացի։ Իսկ ինչպե՞ս էի օգնում․ սկզբում հացի սեղանից բռով վերցնում էի ալյուրն ու շաղ տալիս ինքս ինձ վրա՝ երևակայելով, թե երկնքից իջնում են ձյան կախարդական փաթիլներ։ Հետո, երբ դրանից հոգնեցի, սկսեցի հացի գնդերը տրորել։ Ես գնացել էի օգնելու, բայց փաստորեն ավելի շատ խանգարում էի։ Մայրիկն ու տատիկն ինձնից «ազատվելու» համար ինձ խմորի մի կտոր տվեցին, ուղարկեցին դրանով խաղալու։ Բայց ես մտածեցի, որ մեր հավերը սոված են, ու ես պետք է նրանց կերակրեմ այդ խմորով։

Հացատնից դուրս եկա ու գնացի ուղիղ դեպի հավաբուն։ Հավաբուն տանող ճանապարհն անցնում էր գետնափոր հորի վրայով։ Հորն ուներ երեք մետր խորություն, մենք այն օգտագործում էինք կարտոֆիլն ամբարելու և ձմռանը ցրտից պաշտպանելու համար։

Բարեբախտաբար, թե դժբախտաբար, այդ տարի մենք կարտոֆիլը տարել էինք նկուղ, իսկ հորում հայրիկս իջեցրել էր քար, երկաթի կտորներ ու մի մեծ փայտե աստիճան։

Տարվել էի խմորի գնդիկով, փորձում էի այն հավասարաչափ բաժանել հավերի քանակով ու չնկատեցի, թե ինչպես ոտքս դրեցի բաց հորի մեջ․․․

Ես կախված եմ օդում, առանց ինչ-որ բանից բռնվելու, շուրջը մութ է։ Գլխավերևից լսում եմ մայրիկի ու տատիկի լացը, հայրս գոռում է․ «Աստը՜ղ, Աստը՜ղ»։ Հետո օդից «վրաս» իջավ հորեղբայրս, գրկեց ինձ։

Պարզվեց, որ փայտե աստիճանից մի մեծ մեխ կար դուրս մնացած, ու կարմիր շրջազգեստի փեշի սպիտակ ժանյակը, կախվելով դրանից, ինձ պահել էր օդում՝ ընդամենը 80 սմ-ով բաժանելով քարերից ու երկաթի կտորներից։

Այդ օրվանից մայրս մոռացավ, որ երբևէ չի սիրել շրջազգեստը։ Վաղուց կարմիր շրջազգեստը փոքր է ինձ համար, բայց մայրս այն խնամքով պահում է իր զգեստապահարանում, որպես փրկված կյանքիս սիրելի հուշ։

Astghik hakobyan

Փոփոխություններ

Հինգշաբթի օրը, դպրոցում, վերջին ժամին ամբողջ 9-րդ դասարանը բուռն քննարկումների մեջ էր։

Ցավալի լուրն արդեն հայտնի էր բոլորիս․ քննակարգը փոխվել է՝ գրականություն, պատմություն, օտար լեզու․ այս առարկաների քննությունները լինելու են բանավոր, իսկ որ ամենավատն է՝ բնագիտական չորս առարկաներից էլ հարցեր են լինելու մի թեստում։ Այլ կերպ ասած, քննություն պետք է տանք համ կենսաբանությունից, համ քիմիայից, համ էլ ֆիզիկայից ու աշխարհագրությունից։ Բոլորս դժգոհ էինք: «Հենց էս տարի՞ պետք ա սենց լիներ, երբ մենք ենք քննական դասարանը»,- այս էր բոլորի մտքում։

Այսպիսի վատ տրամադրությամբ էլ գնացինք տուն։

Ուրբաթ օրը՝ երկրորդ ժամին, համաշխարհային պատմության դաս էր։ Ընկեր Վարդանյանը դասարան մտնելուց ու բարևելուց հետո ասաց․

-Երեխանե՛ր, հիմա ձեր դասղեկը կգա, ձեզ բան ունի ասելու։

Դե, սպասում ենք։ Րոպեներ անց եկավ դասղեկն ու հայտարարեց․

-Էրեխեք, քննակարգի մեջ էլի փոփոխություններ են էղել․․․ Աստված ձեր ձայնը լսեց, բնագիտական առարկաների քննությունը ընտրովի է լինելու, որը ընտրեք՝ դրանից էլ քննություն կտաք։

-Ջաա՜ան,- լսվեց ամեն կողմից։

-Լավ, հիմա հերթով, համարներով ասում եք, թե չորս բնագիտական առարկաներից որն եք ընտրում։ Ես կնշեմ, ցուցակն էլ չի փոփոխվելու։

Բոլորը բավականին շուտ կողմնորոշվեցին ու ասացին նախընտրած առարկան։ Հերթը հասավ 8-րդ համարին՝ ինձ։ Ես չէի կողմնորոշվում, թե որն ընտրեմ։

-Աստղիկ, արագացրու։

«Լավ, հիմա ի՞նչ ասեմ»։

-Աստղ, քեզ չեմ մեղադրում, այդ չորս առարկան էլ հավասար սովորում ես, դրա համար էլ չես կարողանում շուտ որոշել,- լսեցի դասընկերուհուս բացատրությունը։ Բոլորն ինձ էին սպասում, իմ պատասխանին։

-Ես ընտրում եմ․․․ Կենսաբանություն,-վերջապես ասացի ես։

-Աստղիկ ջան, այնքան հանդիսավոր արտասանեցիր՝ քիչ մնաց ծափահարեինք,- ծիծաղելով ասաց դասղեկս։

Դե․․․ Հուսով եմ կենսաբանությանս քննությունը լավ եմ հանձնելու։