lilit hovhannisyan

Ատամները

Այս դեպքը պատահել է, երբ ես դեռ ինը տարեկան էի: 

Ամեն տարի՝ ամռանը, սովորականի պես ես գնում եմ մորաքրոջս տուն՝ Գնդեվազ, վայելելու ամառային արձակուրդները: Դե, ինչպես գիտեք, գյուղում գործը շատ է, և գործն անել ավարտելուց հետո ինչ-որ բան էլի թերի է մնում: Ամենից շատ սիրում եմ ծիրան քաղելու ժամանակահատվածը, քանի որ բարձրանում եմ ծառ, քաղում ծիրանները ու ամենալավերը ուտում:

Մորաքրոջս ընտանիքը ունի երկու հողամաս. մեկը իրենց տան դիմաց է, մյուսը՝ ավելի հեռու (վերևի հող, այդպես են ասում նրանք հեռու հողամասին): Անկեղծ ասած, ես այդ վերևի հողը այնքան էլ չեմ սիրում:

Հա, մոռացա ներկայացնել իրենց տան անդամներին. մորաքույս՝ Հասմիկը, նրա ամուսինը՝ Աշոտ «ձաձան» (այդպես եմ սիրում դիմել նրան), Արմանը՝ մեծ տղան, Անին՝ աղջիկը, Վերժիկ տատին (դարձյալ իմ դիմելու ձևն է) և նրա ամուսինը՝ Ալիկ պապին: Սիրում եմ Աշոտ ձաձայի մեծ մեքենան նստել, որովհետև այն շատ բարձր է և շատ հաճելի է, երբ քամին շոյում է դեմքդ: Լավ, ինչևէ, չշեղվենք թեմայից:

Գործ անելուց հետո շատ ենք հոգնում և, մորաքրոջս կանչելուց հետո, բոլորս գնում ենք ճաշելու: Այս անգամ ես մի շատ արտասովոր բան նկատեցի: Ալիկ պապիկը, երբ ինչ-որ բան էր ուտում, նրա բերանում ատամներ կային, իսկ երբ չէր ուտում` չկային: Շատ ամաչեցի հարցնել հենց Ալիկ պապիկից, դրա համար հարցրեցի մորաքրոջս:

-Մորաքույր, այդ ինչպե՞ս է, որ Ալիկ պապիկն ուտելուց ատամներ ունի, իսկ չուտելուց՝ ոչ:

Նա երկար ժամանակ ծիծաղում էր և չէր կարողանում խոսել: Բայց հետո ես իմացա, որ նա ասել է Ալիկ պապիկին, և հերթական անգամ ճաշելուց Ալիկ պապիկն ասաց.

-Ճիշտ ես նկատել դու, Լիլո ջան: Իմ ատամները պուլտով են. ուտելուց պուլտը սեղմում եմ` գալիս են, վերջացնելուց հետո սեղմում եմ` անհետանում են:

Ու բոլորը սկսեցին ծիծաղել, բայց ես էլի չստացա իմ հարցի պատասխանը: Իսկ հիմա ես արդեն մեծ եմ ու գիտեմ հարցիս պատասխանը:

Ցավոք, Ալիկ պապիկն էլ չկա, որ հիշեցնի այդ պատմությունը, և բոլորս ծիծաղենք: