Ani avetisyan

Անցած և անցնելիք ճանապարհի մասին

Եթե չլինեին սեղանին ու որևէ բան դնելու համար հարմար տեղերում շարված թերթերն ու ամեն տեսակի թղթերը, պատկերացնել անգամ չէի կարող, որ վայրը, որտեղ հայտնվել էի, թերթի խմբագրություն էր, թեև նախապես էլ գիտեի։ Խմբագրությունն իրականում մի երկու փոքրիկ սենյակ էր զբաղեցնում բարձրահարկ շենքի ներսում։ Երբ թերթի աշխատակցի հետ ներս մտա, ներսում մի քանի հոգի էին, որոնցից «տեղը բերեցի» միայն գլխավոր խմբագրին, թեև նրա հետ կապ հեռախոսով է եղել, այն էլ՝ միայն մի քանի անգամ։ Հա, այնտեղ՝ սեղանի մոտ, գրականագետ, լրագրող Լյուդվիգ Կարապետյանն է, ում հետ հանդիպելու էլ եկել էի: Իսկ թե ինչից պետք է զրուցեինք, ինքս էլ դեռ լավ չէի պատկերացնում։ Վաղ առավոտյան զանգահարել էր մարզային «Արագած աշխարհ» թերթի խմբագիր Վարդևան Գրիգորյանն ու ասել, որ գնամ. կեսօրին պիտի հանդիպեմ Լյուդվիգ Կարապետյանի հետ։

Երկու րոպե չանցած սենյակում արդեն մնացել էինք ես, պրն Գրիգորյանը, պրն Կարապետյանն ու խմբագրատան աշխատակցուհին. նա, ում ուղեկցությամբ հասել էի այնտեղ։

-Եզդիներ էին,- հյուրերին ճանապարհելուց հետո ասում է ճերմակահեր լրագրողը, ժպտում ու նստում՝ մի աթոռ էլ ինձ առաջարկելով։ Քիչ հետո աշխատանքային հարցերով դուրս է գալիս նաև թերթի խմբագիրը, իսկ այդ ընթացքում զրուցակիցս արդեն պատմում էր իր տարիների աշխատանքի ու ձեռք բերած փորձի մասին՝ աշխատելով չանցնել՝ հավանաբար իր իսկ գծած համեստության սահմանները։ Հետո, նույնքան համեստորեն, ավելացնում է.

-Մոտ հինգ տասնյակ գրքերի հեղինակ եմ…

Գրքերից մեկն էլ մակագրում է ու նվիրում ինձ, բացում վերջին էջն ու ասում, որ այն, ինչ ինքը պիտի պատմեր, գրված է այնտեղ։

Լյուդվիգ Կարապետյանը ծնունդով Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղից է, մասնագիտությամբ գրականագետ, զբաղվել է լրագրությամբ, լրագրություն է դասավանդել ԵՊՀ-ում, «Հրաչյա Աճառյան» համալսարանում, Հեռուստառադիո ակադեմիայում, իսկ այժմ Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչն է։ Մի շարք գիտական և գրական գործերի հեղինակ է:

Տարիների աշխատանքը խորացել էր ծերացած աչքերում, երկար ճանապարհ անցած, մի փոքր էլ հոգնած ձայնի, մեղմ ժպիտի մեջ:

-Վերջերս մանկավարժական համալսարանում դասախոսելու առաջարկ ստացա, բայց առողջությունս էլ, տարիքս էլ այլևս չեն ներում:

Հետո լրագրությունից՝ իր անցյալ ու ներկա, և իմ ապագա մասնագիտությունից խոսեցինք: 17-ում իմ նյութերիցս որոշներն էլ էր կարդացել, ասաց՝ հավանել է:

-Հիմա շատերը մտածում են, թե լրագրությունը «այս օրը այս տեղում այսինչ բանը եղավ»-ն է: Կարևոր է նաև խոսքը ճիշտ ներկայացնելը:

Մի քիչ էլ կրթությունից, դասերից ու համալսարաններից զրուցեցինք: Զարմացավ, երևի տխրեց էլ, երբ լսեց, թե որքան քիչ են այն ֆակուլտետի դիմորդները, որտեղ ինքը դասավանդել է ժամանակին:

Դե, իսկ զրույցի ամենահետաքրքիր մասն էլ ինձ համար նրա արձագանքն էր, երբ լսեց «Մանանա» կենտրոնի անունը, իմացավ, որ կենտրոնի սան եմ: Ժպտաց.

-Տնօրենը հիմա՞ էլ է Ռուզաննա Բաղդասարյանը:

-Այո,- ասացի, ժպտացի, մի քիչ էլ զարմացա, բայց շա՜տ ուրախացա:

Արդեն ժամանակն էր բաժանվելու: Իսկ միմյանցից բաժանվեցինք հույսով, որ մի օր նորից կհանդիպենք, նա ինձ կնվիրի իր «Լրագիտարան»-ը, իսկ ես իրեն՝ «Խաբարբզիկի» իմ համարները: