Անցման վիճակ

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Երբ դու ընդամենը 10-11 տարեկան ես, երանելի հայացքով ես նայում ուսանողներին, բայց այ, երբ ուսանող ես…

Իհարկե, բոլորիս համար էլ ուսանող լինելը երազանք է: Երբ փոքր էի, ամեն անգամ Երևանի պետական համալսարանի մոտով անցնելիս հմայված նայում էի այնտեղ սովորող ուսանողներին և երազում, որ մի օր ես էլ քայլերս կուղղեմ դեպի ԵՊՀ, և հարցնելիս հպարտորեն կասեմ, որ Մայր բուհի ուսանող եմ:

Այժմ, երբ ուսանող եմ, կրկին դպրոց եմ ուզում գնալ, կամ ավելի ճիշտ, մանկապարտեզ: Կրկին ուզում եմ հիվանդ ձևանալ և չգնալ դասի: Բայց այստեղ հիշում եմ, որ ես այլևս երեխա չեմ և…

Երբ ամեն անգամ գնում եմ համալսարան, հիշում եմ, թե որքան անքուն գիշերներ եմ անցկացրել մինչև հանձնել եմ միասնական քննություններս: Հիշում եմ այն անհանգիստ հայացքս, երբ առաջին քննությունից հետո սպասում էի գնահատականս իմանալուն: Հիմա այդ նույն քննությունները հանձնում ենք բուհում, ստանում մեզ կրեդիտային համակարգով տրվող գնահատականները, բայց անհանգստությունը փոքր-ինչ այլ է: Հիմա այլևս չկա դասից փախնելը, չկա «մի հատ կրկնեմ` գամ» արտահայտությունը: Դրանց փոխարինել են` «միջանկյալից առաջ կկարդամ»-ը, «Սա ձեզ համար ամենակարևոր առարկան է» արտահայտությունները:

Հիմա մենք հասուն մարդիկ ենք, ուսանողներ, ովքեր ամեն անգամ տրանսպորտային ամենահետաքրքիր միջոցով`ավտոբուսով դասի գնալիս անցնում են Ֆորտ Բոյարի փորձությունները և շնչակտուր մտնում լսարան:

Իսկ հատկապես, երբ առաջին կուրսեցի ես, այս ամենը քեզ թվում է մի անհասկանալի քաոս: Անցումը դպրոցից համալսարան նույնպես ժամանակ է պահանջում: