hakob melqonyan

Տատիկս գնաց

Սովորականի պես արթնացա և գնացի հյուրասենյակ, բարևեցի բոլորին: Տատիկս հայտնեց, որ ուզում է գնալ հորեղբորս մոտ` Մոսկվա: Սկզբից չհավատացի, հետո զգացի, որ լուրջ է ասում ու միանգամից լրջացա և ասացի.

-Ախր, ինչո՞ւ, ինչի՞ համար ես ուզում գնալ:

Տատիկս ասաց.

-Հակոբ ջան, կարոտել եմ, ուզում եմ գնալ կարոտս առնել ու էլի հետ գալ: Տատիկիս հասկացա, քանի որ ես էլ էի կարոտով ապրել մոտ երկու տարի Ռուսաստանում և գիտեի, թե ինչ բան էր կարոտը:

Հաջորդ օրը պապիկս աշխատանքից եկավ տուն և ասաց, որ տատիկիս տոմսը գնել է: Տատիկս երկու օրից պիտի մեկներ: Այդ պահից սկսած ժամերը շատ շուտ էին անցնում: Հաջորդ օրը առավոտյան բոլորս շուտ արթնացանք և գնացինք գնումների: Երբ գնումներից վերադարձանք, տատիկս սկսեց հայկական ավանդական գաթա և փախլավա պատրաստել: Իսկ երբ հարցրի. թե ինչու է այստեղ թխում, չէ որ կարող էր այնտեղ էլ թխել, պատասխանեց, որ այստեղի ալյուրը համով է, և դրանից գաթան և փախլավան ավելի համով է ստացվում:

Արդեն իրիկուն էր, տատիկս համարյա թե պատրաստ էր: Ես գնացի քնելու: Առավոտյան սկսեցինք պատրաստվել ճանապարհ ընկնելու: Կեսօրն անց էր, շարժվելու ժամանակն էր: Սովորականի պես, ճանապարհին ամեն եկեղեցի, մատուռ տեսնելիս խաչակնքում էի, բայց այս անգամ իմ ու իմ ընտանիքի առողջության համար չէի խաչակնքում, այլ տատիկիս բարի ճանապարհ էի ցանկանում և Աստծուց խնդրում էի, որ տատիկիս հետ լինի:

Շուտով հասանք օդանավակայան: Արդեն տատիկիս հրաժեշտ տալու ժամանակն էր: Փաթաթվեցի տատիկիս և բարի ճանապարհ ցանկացա: Տատիկս գնաց, իսկ մենք դուրս եկանք օդանավակայանից: Երբ նստեցինք մեքենան, ես սկսեցի մտաբերել օդանավակայանում գտնվող բոլոր մարդկանց տխուր դեմքերը, որոնք եկել էին իրենց հարազատներին ճանապարհելու, և հասկացա, որ մեր երկրում օրեցօր ահագնանում է արտագաղթի խնդիրը: Մարդիկ ապրում են իրարից հեռու և իրար միշտ կարոտելով: