Աշնան հետ եկած տրամադրություն

Երբևէ նկատել ե՞ք, որ մարդիկ աշնանը ավելի հանգիստ են դառնում, զգացմունքային: Դե դա երևի նրանից է, որ աշունը մի քիչ ռոմանտիկ եղանակ է: Շրջապատումս շատ կան մարդիկ (հիմնականում աղջիկներ), որոնք միշտ ասում են.

-Պաշտում եմ անձրևը… Շատ հավես ա անձրևի տակ քայլել:

Սկսենք նրանից, որ անձրևը լինում է տարբեր տեսակի. արևային, հորդ, քամու ուղեկցությամբ… Արևային անձրևը իրոք ինչ-որ տեղ հաճելի է. դանդա~ղ, ու ու դու ինքդ անկախ քեզանից նրա ռիթմով ես սկսում քայլել, կամ ականջակալներումդ լսվում է նուրբ երգ (ու էլի դանդա~ղ)… Ոնց որ թե ես էլ եմ դառնում քիչ-քիչ ռոմանտիկ…

«Պաշտում եմ անձրևը» խոսքը օդի մեջ է մնում… Ոնց կարող ես պաշտել հորդ անձրևի տակով քայլելու, թրջվելու գործընթացը, որին հետևում է հիվանդանալը: Իսկ այ, քամու ուղեկցությամբ անձրևը միմիայն տանը նստելու, տաք թեյ խմելու եղանակ է:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Աշնանը մարդիկ կարծես բաժանվեն երկու տարբեր խմբերի. մարդիկ, որոնք ամպամած, մռայլ օրերին ինքնըստինքյան իրենց տրամադրությունը գցում են, բայց դա իրենց դուր է գալիս, որովհետև անկախ իրենցից է դա ստացվում: Առանց պատճառի, ուղղակի հաճելի է այդ եղանակը իրենց, և մարդիկ, ովքեր տեսնելով դրսի մռայլ եղանակը, էլի տրամադրության անկում են ունենում,բայց նրա պատճառով, որ տանել չեն կարողանում մռայլ օրերը:

Ես առաջին խմբի անդամ եմ:

Այսօր առավոտյան արթնանում եմ տերևների խշխշոցի ձայնից: Պատուհանից նայեմ տեսնեմ` հարևանուհիս բակի չորացած թափված տերևներն է հավաքում: Միանգամից ֆոտոխցիկս վերցրի, որ ֆիքսեմ հետաքրքիր կադրերը:

-Բարի լու~յս:

-Բարև, Սոն ջան:

-Բա ինչի՞ ես հավաքում տերևները:

-Անիմաստ բակը կեղտոտում ա… Սկվեցին էլի էս օրերը: Ամեն օր վեր կաց ու տերև հավաքի:

Ավլում էր ու լցնում պարկը… Ու այդպես արդեն մեկ շաբաթ կլինի:

Օրինակ, ես շատ եմ սիրում չորացած, դեղնած տերևներ, հիմա բոլորի բակերում էլ լիքն են տերևները, ու ցավոք, մեծամասնությունը դա աղբ համարելով հավաքում է… Գոնե մի որոշ ժամանակ մնա, անցնողը տեսնի այդ գույները, իր մեջ մի քիչ ուրախություն, նոր տրամադրություն արթնանա, նոր հավաքեն:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Ախր աշուն է, բա հո նոր կանաչ խոտ չէ՞ր աճելու: Հիմա պիտի դեղինը, կարմիրը շողա մեր բակերում:

Տարվա չորս եղանակներից էլ դժգոհող մարդիկ կան: Ամռանը ասում են, որ շատ շոգ է, շնչել չի լինում, գարնանը ասում են` խաբուսիկ, զզվելի եղանակ է` մեկ անձրև, մեկ արև, ձմռանը, դե ինչպես գիտենք, շատ ցուրտ է, աշնանն էլ մեր բակերը գեղեցկացնող ամենասիրուն ու գունավոր տերևները հավաքում, թափում են, ասելով թե` աղբ է, մնում է` ինչ անենք:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Երևի դա նրանից է, որ մարդիկ դեռ չեն հասկացել, որ ամեն եղանակ իր հետ տարբեր տրամադրություն է բերում, ու պետք չի միշտ դժգոհել: