Ani avetisyan

Հայաստանս

Հիշում եմ՝ երեք տարի առաջ էր, երբ ավագ եղբորս բանակ ճանապարհեցի: Հենց այդ ժամանակ էր, որ Հայրենիքի ու հայրենասիրության մասին բոլոր ասած-լսածներս մաշկիս վրա զգացի:

Հիշում եմ նրանց զորամասի ճանապարհը, Արցախի ամենահեռու, ամենաքարոտ վայրում Ազգալդյանի հուշաքարը. «Սա Հայաստանն է, և վերջ»: Սա, այս լեռները, քարափները, Մռավի լանջի այն ձյան պատառիկը, ամեն ինչ՝ Հայաստան է: Ու թվում էր, թե դրանից այն կողմ անսահմանություն պիտի լինի, բայց չէ՜, այնտեղ էլ Հայաստանն էր, նույնը, մերը, ուղղակի գողացված: Այդ ժամանակ էր, որ հասկացա, զգացի անկախությունը: Ինձ էլ այդ անկախության պահապանը զգացի: Մի քիչ….   Զգացի, թե ինչպես Հայաստանը, Հայաստանս դադարեց նյութական, շոշափելի լինելուց, ինչպես այն դարձավ գաղափար, աշխարհայացք, դավանանք:

…Հիմա, արդեն երեք տարի  անց, հիշում եմ, թե  որքան մեծ էին երևում անկախության իրական, տասնութամյա պահապանները, եղբայրս, ովքեր գնում էին պաշտպանելու իմ, քո, Ազգալդյանի ու բոլորիս Հայրենիքը: Գնում էին, որ նյութական Հայաստան էլ երբեք չլինի, որ Մռավի լանջի ձյունի պատառիկն անգամ դադարի սառը զանգված լինելուց, որ ձուլվի գաղափարին, դառնա աշխարհայացք: Նրանք գնում էին ցույց տալու ինձ, քեզ, աշխարհին, որ սա է մեր երկիրը, որ այն ավելին է, քան աշխարհագրական տարածքը, լեռնային կղզին, ավելին է նույնիսկ, քան  արյունով ներկված եկիրը, այն այսօր անուն ունի, արյամբ ու քաջությամբ սրբագրված անուն:

Իսկ հիմա՞: Հիմա բոլոր նրանք, ովքեր տասնութ տարեկան էին երեք ու նույնիսկ երեսուն տարի առաջ, ովքեր բախտի չար խաղով տասնութ են մնալու նույնիսկ երեք հարյուր տարի անց, նրանք այսօր իմ հասակակիցներն են: Ու երևի միայն հիմա եմ զգում իրական Հայաստանը, զգում, որ սիրում եմ նրան: Հիմա եմ հասկանում, թե ինչու կես-պատահմամբ, կես-դիտավորյալ Հայրենիք բառը մեծատառ եմ գրել:

Ասում եմ, թե նրանք այնքան էլ մեծ չեն ինձանից, բայց մեկ է՝ անհասանելի են, մի տեսակ երկնային, աստվածային: Եվ հենց նրանցով է Հայաստանը՝ Հայաստան, իսկ մենք՝ մենք, նրանցով եմ հասկանում, թե որքան եմ սիրում երկիրս: