Diana Grigoryan

Չվերադարձող «հեփի էնդերը»

Հերիք է, հա՛, հերիք է: Նեղացել եմ աշխարհից, մարդկանցից ու իմ քաղաքից: Նեղացել եմ իմ սիրած երգերից, նեղացել եմ շոկոլադից, նեղացել եմ ինձ չգրկող ու նեղացնող երևույթներից: Նեղացել եմ դավաճաններից, որ պետք եղած ժամանակ գլուխները մտցնում են բարձի տակ, բերանները հարյուր փականներով փակում ու նայում են դատարկ պատին:

Լինում է լավ արևածագով օր: Ու լինում է օր, որ սպասված «հեփի էնդը» չի գալիս (ինչպես միշտ): Էսօր տուն գալիս զգացի, որ ուզում եմ մնալ մութ աշնանային երեկոյի մառախուղի մեջ ու առանց երգ, առանց տաք ծածկոց, առանց թեյ, նստել ու կարդալ Պետրոսյան: Հա՛, իմ սիրելի Վարդգես Պետրոսյան. «Դեղատուն Անին» կամ էլ` «Եթե կապույտ լիներ երկինքը»: Մի փոքր բան, մի փոքր հատված, որ լցնեի ներսս:

Քայլում էի փողոցի ձախ կողմով, բայց սիրում էի աջը: Էդպես էլ է լինում: Անում ես այն, ինչ չես ուզում… Որովհետև հիմար ես:

Աշուն է: Ցերեկներս լցված են գույներով, իսկ առավոտներս ու գիշերներս` մառախուղով: Ու ես չեմ տխրում, այն պատճառով, որ աշուն է: Տխրում եմ, որովհետև իմ հիմար լինելը նոր եմ նկատում: Նոր եմ նկատում, որ ուզում եմ փախչել էստեղից: Ու գիտե՞ք, թքած ունեմ, թե ուր և որ ուղղությամբ: Միայն փախչել:

Մտածում եմ` ինչ լավ կլիներ, որ փողոցի «զեբրաներից» մեկը ես լինեի: Իմ վրայով կգնային, կգային, երկար ճանապարհ կանցնեին` իմ վրայով քայլելու համար: Կլինեի դեղին կամ սպիտակ, ականջիս մոտ կլինեին իմ սիրած կոշիկների ձայները: Կլինեի գիծ, բայց գոնե կիմանայի, որ մարդիկ ինձ վստահում են, որ ինձնով անցնելիս, թեկուզ անգիտակցաբար, ինձ են վստահում իրենց կյանքը, իրենց մեքենայի տակ ընկնել կամ չընկնելը:

Երանի փողոցի գիծ լինեի, երանի չորացած տերև լինեի ու ինչ-որ մեկի՝ դեպի առաջ քայլից կոտրվեի, երանի առավոտվա ու գիշերվա տխուր մառախուղ լինեի:

Երանի ինձ ոչ ոք չնկատեր: