Աչ, էլը կյարունը էկավ

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Արդեն գարուն է, թեև իմ սիրելի եղանակը չէ,  բայց միևնույն է, սպասում էի նրան: Սկսվել են գարնանային աշխատանքները, ամենուրեք տեսնում ես մարդկանց, ովքեր զբաղված են հողագործությամբ: Դե, դա մալիշկեցիների հիմնական զբաղմունքն է:
Երեխաները  դրսում վազվզում, վայելում են արևի տաք շողերի ջերմությունը: Քայլում էի փողոցով ու վեր թռա տղաների ուրախ ճիչերից: Հավաքվել էին ու բարձր-բարձր խոսում էին, երբ գոռալով եկավ երևի նրանցից ամենամեծը ու ասաց.
-Տղերք, գտա գնդակը, էկեք ստեղ…
Անտանելի է լսել նրանց գոռգոռոցները, բայց մեկ է, դու քեզ այդ պահին զգում ես արդեն մեծ մարդ, ում չի հետաքրքրում նրանց մանկական խաղերը:

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Դեռ չէի հասել տուն: Ճանապարհն այնքան երկար ու ձանձրալի էր, քանի որ ես մենակ էի, ինքս ինձ հետ խոսելով քայլում էի:
Մտքերով էի, մեկ էլ տեսա երկու տատիկների, ովքեր խոսում էին իրար հետ, դե մեծերով, իրենց խոսքով, «գյալաջի» էին անում:
-Աչ, էլը կյարունը էկավ, նորեն դը յար՝ քյադը-քյուլը ար,- ասաց նրանցից մեկը:
-Խա, էլ մի աս, գո արթեն բիբարի սածիլ եմ տնգել – պատասխանեց մյուսը:
Երևի շատերի համար դժվար է հասկանալ մեր` իհարկե կոպիտ, բայց այնուամենայնիվ հարազատ բարբառը: Անկեղծ ասած, տատիկներն այնքան գեղեցիկ էին, որ անընդհատ ուզում էի նայել ու հիանալ նրանցով: Ինձ միշտ հիացնում եմ բոլոր տատիկներն ու պապիկները: Նրանցից յուրաքանչյուրի հայացքը մի պատմություն ունի, որին ուզում եմ ծանոթանալ:

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Գարնան մեջ միայն սիրում եմ այն պահը, երբ լսում եմ թռչունների դայլայլը: Մտքերով արդեն հասել էի թռչուններին, երբ տան կտուրի ծխնելույզին տեսա մի արագիլ, չնայած այդքան էլ չեմ սիրում նրանց, բայց միևնույն է, դուրս եկա ու նկարեցի:

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Մեկ-մեկ ձյուն էլ է գալիս, բայց հասցնում է կարճ ժամանակահատվածում հալվել: Դե, ով էլ լսի այդքան վատ խոսքեր իր մասին, նույն կերպ կվարվի: Եկած-չեկած  վատաբանում ենք, պահանջելով տաք եղանակ: Իրոք, ես էլ եմ կարոտել ամռանը, բոլորի նման: