Ապագա հոգևորականը

Հովհաննես Ավետիսյանը 19 տարեկան է, սովորում է Հայաստանի հնագույն բուհում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում:

- Ինչպե՞ս եղավ, որ որոշեցիր գնալ ճեմարան:

-Որոշմանս նպաստեց գյուղում գործող կիրակնօրյա դպրոցը: Ծանոթացա, սիրեցի ու հասկացա, որ դա է ինձ պետք, և էդպես 3-րդ դասարանից հստակ քայլերով գնացի նպատակիս հետևից։-Ո՞ր գյուղից ես, մի փոքր պատմիր այդ կիրակնօրյա դպրոցի մասին։

-Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղից եմ: Կիրակնօրյա դպրոցի անունն էր Հռիփսիմյանց վարժարան։ Հրաշալի հոգեկերտ դարբնոց էր՝ հրաշալի ուսուցիչներով։ 8 տարի շարունակ գնացել եմ կիրակնօրյա դպրոց, տարբեր տարիների մասնակցել տարբեր մրցույթների և հաղթել։ Դա այն տեղն էր, որտեղ հանդիպեցի Աստծուն, և այդ հանդիպումը այնքան նյութական էր, որ ազդեց ողջ կյանքիս վրա։

-Իսկ դպրոցում ինչպե՞ս ես սովորել։

-Դե, եթե մի փոքր անցնեմ համեստության սահմանը, պիտի ասեմ, որ բավականին լավ եմ սովորել: Բայց միայն առարկաների լավ իմացությունը ինձ չի բավարարել: Մասնակցել եմ բազմազան խմբակների՝ կուզեի առանձնացնել Ջինիշյան հիմնադրամի կողմից հովանավորվող Բանավեճի ակումբը, որի շրջանակներում 2013 թվականին մասնակցել եմ Բանավեճի հանրապետական փուլին, թիմային արդյունքով զբաղեցրել եմ 3-րդ տեղը և դարձել 1-ինը անհատական արդյունքում, մասնակցել եմ նաև հեռուստաբանավեճերի։ Ինձ համար հատկանշական էր իմ մասնակցությունը English Access program-ին։ Այս ծրագիրը ենթադրում էր 2-ամյա անգլերենի կրթություն, հովանավորվում էր Ամերիկայի դեսպանատան՝ ի մասնավորի, դեսպանի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) կողմից։ Երկու տարում սովորել ենք փայլուն անգլերեն և ավարտել եմ գերազանցության դիպլոմով։ Իրականացրել ենք մի շարք ծրագրեր՝ հօգուտ գյուղի․ գիշերային լուսավորության կազմակերպում, դպրոցի կանաչապատում, այգու ստեղծում և այլն։
Տեղին եմ համարում նշել, որ վերը նշված բոլոր հաջողությունները գրանցել եմ շնորհիվ իմ գյուղի և ընկերների։

-Ճեմարանի ընդունելության քննությունները հե՞շտ էին, թե՞ դժվար։

-Շատ էի լարվում, անկեղծ, շատ վախենում էի, որովհետև պարապում էի առանց կրկնուսույցի՝ ինձ համար սկզբունքի խնդիր էր, բայց ընդունվեցի։

-Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեիր ճեմարան գնալիս, և իրականացա՞ն դրանք։

-Ճեմարանում հասկացա, որ առհասարակ կարիքը չկա սպասելիքներ ունենալու․ երբեմն դու ինչ որ բան ես ակնկալում, իսկ Աստված քեզ համար այլ բան է նախախնամել՝ գուցե ավելին քո սպասվածից կամ գուցե պակաս, բայց պետք է միայն վստահել Աստծուն։ Այնուամենայնիվ, որ հարցն անպատասխան չմնա, ասեմ, դեռ իրականացման փուլում են, առջևում դեռ մի ամբողջ կյանք կա։

-Այսօրվա սերնդի մեջ կա՞ն այնպիսի շնորհալի երիտասարդներ, ովքեր կկարողանան դառնալ նոր Կոմիտասներ, Ավ․ Իսահակյաններ և մի շարք անվանի մարդիկ, ովքեր ավարտել են Գևորգյան ճեմարանը։

-Իհարկե կան։ Գիտեք մարդիկ հանճար չեն ծնվում՝ ծնվում են տաղանդավոր և աճելով դառնում հանճար։ Այսօր իմ շրջապատում ես տեսնում եմ տաղանդների, որոնց միայն պետք է հնարավորություն տալ ինքնաճանաչման, որի լավագույն տեղը ճեմարանն է։ Ճեմարանում այսօր էլ սաների մեջ կան ստեղծագործող երիտասարդներ, կա ճեմարանական «Վերնատուն», որտեղ քննարկում ենք միմյանց ստեղծագործությունները, խոսում արվեստից։ Իսահակյանի, Կոմիտասի և մյուսների շունչը այսօր էլ ճեմարանում է։ Ճեմարանում, ի դեպ, գործում են նկարչական, երաժշտական խմբակներ, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ արվեստին, սիրել արվեստը, ինքնաբացահայտվել։

-Ասացիր` ինքդ էլ ստեղծագործում ես:

-Այո, Ճեմարանից առաջ միայն չափածո էի գրում: Երկար ժամանակ չէի գրոիմ, հետո ներճեմարանական մրցույթում հաղթելուց հետո հասկացա, որ արձակն էլ ստացվում է, հիմա սկսել եմ արձակ գրել։

-Իսկ ինձ որպես ապագա ճեմարանականի, ի՞նչ խորհուրդ կտաս։

-Միայն հավատալ էն տեսիլքին, որն ունես։ Ոչինչ պետք չէ հաջողության համար՝ բացի հավատքից։ Քեզ մաղթում եմ վստահություն, որ տարիներ հետո հանդիպենք այն ճեմարանում, որի մասին խոսում էինք։