narek babayan

Ինչ կփոխեի իմ կյանքում

2015թ. դեկտեմբերի վերջն էր։ Աղոտ եմ հիշում, պատանի թղթակիցների դասընթացի երկրորդ, թե երրորդ օրն էր։ Մեզ հանձնարարեցին տեղում գրել նյութ «Ինչ կփոխեի ես իմ կյանքում» թեմայով։ Չգիտեմ, նստելու տեղ չգտնելուց ու մի սեղանի վրա փոքրիկ ազատ տեղի վրա թուղթը դրած մի կերպ գրելուց էր, թե ուղղակի նրանից, որ ուղեղս այն ժամանակ լրիվ չէր գործում։ Մի խոսքով՝ ես, մեղմ ասած, այդքան էլ լավ չգրեցի այդ նյութը։ Դե ինչ, ուղղեմ սխալս։

Ինչ կփոխեի ես իմ կյանքում… Ես դա պատկերացնում եմ 2 ձևով։ Ինչը կուղղեմ իմ մեջ ապագայում և ինչը կուղղեի, եթե կարողանայի տեղափոխվել անցյալ։ Այո, երևակայությունիցս չեմ բողոքում։

Դե, ապագայի անելիքս ժամանակը կորոշի, իսկ այ, ինչ կփոխեի ես անցյալում… Երևի բոլորն էլ դրա մասին երազել են։ Անկեղծ, մինչև ոչ հեռավոր անցյալ ես իրոք կուզեի արմատից փոխել իմ կյանքը, հասարակ թղթախաղում պարտվելիս, մինչև ծանր ու անդառնալի կորուստները կանխելը, բայց հիմա…

Ես ոչինչ չեմ ուզում փոխել։ Ինչո՞ւ փոխել անցյալը։ Իմաստ չեմ տեսնում։ Չէ՞ որ հենց այդ իրադարձությունները՝ թղթախաղում հաղթել, կամ պարտվելիս, մինչև կյանքի համար ճակատագրական նվաճումներն ու մեծ կորուստներն են որոշում, դարձնում մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք։ Յուրաքանչյուրիս ճակատագիրը միակն է մեզ համար, պետք չէ բողոքել դրանից։ Հաճախ լսում եմ այսպիսի հարց․

-Չէի՞ր ուզի այս ինչը փոխել։

Ասեմ` չէ, չէի ուզի։ Իհարկե, եղել են դեպքեր, երբ ես զղջացել եմ արածներիս համար։ Բայց հիմա չէի  ուզի ուղղել դրանք։ Այդ սխալի պատճառով ես հասկացա, որ պետք չէր դա անել, ու հաստատ էլ չեմ կրկնի։  Իսկ եթե «կախարդանքի» շնորհիվ այդ սխալը չլինե՞ր։ Միգուցե ես ուրիշ տեղ, ավելի ճակատագրական դրության մեջ դա անեի, ու այն անդառնալի լիներ ինձ համար։

Լավ, փոխել ես ոչինչ չէի ուզի, բայց դե մի բան կա, որ վերջիվերջո կանեի

…2005թ․ Ռուսաստան, գիշեր։

-Ո՞վ ա:

-Հանգիստ, մամ։ Ես այ, էն քնած պուճուրն եմ, բայց 2016 թվականից։ Երկար է, չեմ կարող բացատրել։ Ուղղակի շնորհակալ եմ,  որ ես այսպիսին եմ։