Ani avetisyan

Ապրելու և գոյատևելու տարբերությունը

Մարդիկ ձգտում են կատարելության՝ չսովորելով ամենաէականը, սողում են՝ փորձելով թռչել:

Գիտե՞ս, մարդ, վերջին շրջանում այնքան շատ եմ մտածել ինձ՝ քեզ, իսկ քեզ մյուսներին կապող թելի  մասին: Մեկ-մեկ թվում է՝ ուր որ է կպոկվի թելն, ու քեզ հասարակությունից կբաժանի, հետո՝ ինձ, իսկ երբեմն էլ այնքան ամուր ես կապվում այդ թելից, որ մտածում եմ, թե մեկդ առանց մյուսի ուղղակի չկաք: Երևի այդպես էլ կա, չէ՞:

Չգիտեմ՝ հիշում ես, թե ոչ, բայց դպրոցում ու, եթե չեմ սխալվում՝ հասարակագիտության ժամերին անցել ենք, որ վերոհիշյալ հասարակությունը մեզանից է կազմվում ու մեզանով դառնում այն, ինչ կա: Մի քիչ պաշտոնական ստացվեց: Բայց, իրոք, մենք ենք ստեղծում գեղեցիկ, գրքերում կամ նախընտրական թռուցիկներում նկարագրվող հասարակությունը ու մենք էլ քանդում այն այս կամ այն կերպ: Մենք ենք կայացրել որոշումը, թե մեր ապագան մեզանից չէ կախված: Ու հենց այդկերպ էլ ստեղծում ենք ապագան, որից ուղղակի ջնջում ենք «մեր» բառը. ի՞նչ ընդհանուր բան ունի մարդն իր «ընտրած» ապագայի հետ: Թերևս միայն այն, որ այդ ապագայից առաջ եղած ներկայում ամենաքիչն է մտածել նրա մասին, կամ մոռացել, որ մի օր հասնելու է նրան: Ինչևէ:

Միշտ ատել եմ գոյատևել բառն ու նրան նման մնացած բառերը: Ամենից շատ ատում եմ, երբ Արցախյան գոյամարտ են ասում: Հերոսամարտ՝ ուղղում եմ:

-Բայց երբ թշնամիդ երեք ու ավելի անգամ գերազանցում է քեզ, երբ կանգնած ես լինել-չլինելու վտանգի առաջ, գոյամարտ չի՝ ի՞նչ է:

-Իսկ երբ հաղթում ես եռապատիկ ավելի թշնամուն՝ հերոսամարտ չի՞ դառնում:

Հա, ինչ էի ասում: Մենք սովորել ենք գոյատևել, ընտրություն չենք էլ կատարում ապրելու և գոյատևելու միջև, իսկ դրանք միմյանցից տարբերվում են, շա՜տ: Մենք վերև ենք նայում ու այնտեղ տեսնում մի բան, որ մեզ պետք է, բայց ձեռքը վեր պարզելու կամ վեր բարձրանալու փոխարեն սպասում ենք, թե նա երբ կընկնի մեր ոտքերի տակ: Չեմ կարծում, թե դա լավագույն միջոցն է այն դարաշրջանում, երբ ամեն երկրորդը մրցակցություն է, պայքար, որ քիչ-քիչ գոյության կռվի է վերածվում: Դե, մենք էլ՝ գոյության կռվի գոյատևող, բայց ոչ ամենաուժեղ տեսակն ենք, ազգովի:  Մեր հասարակ… Հասարակությունը, այնքան նման է Մահարու հում… Հումանիզմին:

Ասում են՝ հայը պայքարող տեսակ է, մնում է միայն, որ հայերը պայքարող հասարակություն ունենան: