hovhannes sargsyan

Իմ ընտանիքի պատմությունը

Օրվա խորհրդին համապատասխան ուզում եմ ներկայացնել իմ հայրական ընտանիքի պատմությունը: Այն սկիզբ է առել Արևմտյան Հայաստանի Մշո գավառի Դրմետ (Դրմերտ) գյուղից: Այս պատմությունը, որը կներկայացնեմ, լսել եմ հայրիկիցս և մանրամասնել եմ պապիկիս քույրիկից` Նվարդ հորաքրոջից:

Այն մարդը, ումից սերվել էր պապիկիս հայրը, Մշո Դրմետ գյուղում ապրող Կնարենց Արամն էր: Նա ժամանակի իրավիճակին համապատասխան ֆիդայական շարժման ներկայացուցիչ է եղել, մահացել է ինքնապաշտպանական մարտերից մեկում: Պատմում են, որ նրա դին թուրքերը բերել և դրել են գյուղի կենտրոնում, որ տեսնեն՝ ովքեր են ընտանիքի անդամները ու նրանց վնասեն, բայց ընտանիքի տղաներին և կնոջը ֆիդայի ընկերները հասկացրել են, որ պետք չէ որոշ ժամանակ մոտենալ մահացած մարմնին, և որ իրենք կփորձեն ինչ-որ ձևով դին ազատել և թաղել: Այդպես էլ անում են ընկերները: Նրա մահից հետո իր ընտանիքի անդամները, կինը` Ծովինարը և 3 տղաները` Տիգրանը, Լևոնը և Միսակը (աղջիկներ ունեցել է թե ոչ, տեղեկություն չկա) մնացել են գյուղում: Մեծ տղան` Տիգրանը, սպանվում է թուրքի գնդակից: Ծովինար տատը պատմել է, որ որդին թաքստոցից դուրս է գալիս, երբ ինչ-որ մի դավաճան՝ Արդողցի անունով մեկը, մատնել է այն մարգի տեղը, որտեղ հայ մանկահասակ տղաները թաքնվել էին: Տղաներին դուրս հանելու համար բարձր ձայնով գոռացել են, որ գյուղ ռուսներն են մտել ազատելու, և առաջիններից մեկը Տիգրանն է եղել, ով դուրս է եկել թաքստոցից և գնդակահարվել է: Այս կորուստից հետո Ծովինարը որոշում է, որ Լևոնին տալ քրդերի մոտ, որ անվտանգ լինի, ասել, որ տվել է «հոտաղ», և դրանից հետո այլևս ոչ մի լուր չի եղել նրանից:

Իսկ արդեն 1915թ Միսակ տղայի հետ Ծովինարը գաղթի ճանապարհով անցնում և հասնում է Ալեքսանդրապոլ: Որոշ ժամանակ անց Ալեքսանդրապոլում Ծովինարը ամուսնանում է, ստեղծում նոր ընտանիք, ունենում երեխաներ: Ամուսնանում է նաև Միսակը, ունենում 4 աղջիկ և 1 տղա (Հովհաննես): Շատ երիտասարդ, մոտ 40 տարեկանում, 1940թ մահանում է Միսակը: Երեխաներն մեծացնում է կինը` Ազգանուշը, ով առանց ամուսնու շատ դժվարություններ և զրկանքներ է կրում: Պապս իր երեխաներին անվանակոչում է Ծովինար տատի և հորեղբայրների ու հոր անուններով` Տիգրան, Լևոն, Միսակ: Ես Լևոնի որդին եմ` Հովհաննեսը (պապիս անվանակիցը): Ծովինար տատի պատմությունն է հիմք հանդիսացել մեր հիշողության համար, քանի-որ Միսակին նույնիսկ իր երեխաները այդքան էլ լավ չէին հիշում: Նրա վաղաժամ մահը միգուցե եղեռնի ճանապարհ անցնելու հետևանք է եղել:

Արևմտյան Հայաստանից բերված բոլոր փաստաթղթերը մեր տատը տվել է ինչ-որ ազգականի` հուսալով, որ ապահով կպահի և անհրաժեշտության դեպքում կվերադարձնի, բայց այլևս հետ չի վերադարձրել: Չգիտենք՝ նույնիսկ ով է եղել այդ մարդը, որ նման «օգնություն» է ցուցաբերել:

Այս պատմությունը իմ ընտանիքի պատմությունն էր, որը իմ մեջ մի անհագ ցանկություն է առաջացրել լինել Մուշում և հատկապես Դրմետ գյուղում: Ես հանդիսանում եմ այդ ընտանիքի 4-րդ սերունդը Աստված տա գոնե ես տեսնեմ ՀԱՅՈՑ ԴԱՏԻ արդար հատուցումը: