Առանց լուսնի լույսի

Ես գրում էի: Դե, եթե դու հիմա նյութս կարդում ես, կամ թեկուզ աչքի տակով անցկացնում, հաստատ հասկանում ես, որ ինչ-որ պահի ես գրել եմ։ Ես նստած չեմ մութ սենյակում։ Պատուհանի մի փեղկը կիսաբաց չի։ Լուսնի լույն էլ սենյակ չի ներթափանցում, ու ես, տեսողությունս վտանգելով, էս նյութը չեմ գրում։ Որովհետև ինձ համար Լուսինը Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է, ոչ թե ռոմանտիկայի սիմվոլ։

Շատ էլ հարմար է տեղս։ Լույսն էլ նորմալ է. ի՞նչ անենք, որ լուսնի չի։ Մեծ հաշվով դա քեզ պետք է, որ չհետաքրքրի։ Բայց տեսնես, որ հինգ րոպե տրամադրես նյութիս, ի՞նչ կփոխվի։ Ես չգիտեմ՝ քո մեջ ինչ կավելանա, կպակասի կամ ոչ մի էական բան էլ չի փոխվի երևի, բայց օրինակ՝ ես, գրիչը թղթին հպելիս բացի թանաքից, նաև էներգիա եմ ծախսում։ Ծախսում եմ բացասական, անպետք, մի քիչ ինձ ջղայնացնող ու «վատ» էներգիան։ Էներգիան լինում է… Չեմ գրելու պոտենցիալ և կինետիկ։ Լինում են «լավ» ու «վատ» էներգիաներ: Երկու տեսակներից էլ բոլորիս մեջ կան։ Քանի որ ես հիմա լուսնի լույսի տակ չեմ, ես քեզ չեմ ասի՝ «Կատարյալ ոչ ոք չկա, եղիր այնպիսին, ինչպիսին կաս»։ Ես կասեմ՝ երկու տեսակներն էլ մեր մեջ կրելով, էսպես թե էնպես, երկուսն էլ պիտի ծախսենք։ Հո չե՞ն մնա էնտեղ հնանան ու փչանան:

Այ հիմա, հասանք կարևորին: Ծախսելու ձևեր կան: Եթե ասենք՝ առավոտյան ինձ պես գնում ես դասի, ու մետրոյում քեզ ողջունում է ժետոն վաճառող «պայծառաշող» կինը (էս կնոջ մասին էնքան պիտի գրեմ, մինչև դեմքի արտահայտությունը փոխի), ուրեմն, հաստատ, իր միջի «վատին» չի պահեստավորի ու մի քիչ քեզ կտա։ Դե քանի որ դու էլ այն չես պահի մինչև պիտանելիության ժամկետի լրանալը, դու էլ անպայման մեկին կտաս։ Հետո քո մեջ վատ էներգիայի տեղը կազատվի։ Մի պահ կթվա՝ «վատը» գնաց. վերջ։ Բայց չէ։ Իրականում «վատի» տեղը պիտի լցվի, որովհետև բնության մեջ ամեն բան պիտի հավասարակշռվի։ Ու ինչքան էլ փորձես վատին որոշ ժամանակ «լավով» հիմարեցնել ու բերանը փակել, մեկ է՝ տեղն ազատ է։ Օրինակ, եթե օրգանիզմդ ունի վիտամին C-ի պակաս, ու սիրտդ թթու հաղարջ է ուզում, եթե ժամերով կանգնես արևի տակ ու վիտամին D-ն ավելացնես, մեկ է, դու էլի ունես վիտամին C-ի պակաս, ու սիրտդ էլ հաղարջ է ուզում։

Գրեթե նույն սկզբունքով՝ մեր էներգիաներն են փոխանցվում։ Ու որպեսզի շղթան հավերժ չկրկնվի, ես արդյունավետ լուծում եմ առաջարկում։ Քանի որ պետք է «վիտամին C-ի պակասը լրացնես» ու ներքին բնությունդ «հավասարակշռես», միաժամանակ նաև չանես դա ինչ-որ մեկի նյարդերի հաշվին, պարզապես վատ էներգիան տուր անշունչ բաներին։
Չգիտեմ՝ հինգ րոպեն ինչ փոխեց քո մեջ, բայց օրինակ՝ ես, գրիչը թղթին հպելիս, բացի թանաքից նաև էներգիա եմ ծախսում…