Կեռասի ամիսը

Ամեն տարի հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին Կարբի գյուղի բնակիչները զբաղված են լինում իրենց այգիների մշակմամբ: Պարարտացնում են հողը, ծառ տնկում, ջրում, մշակում են և հետո սկսում են հավաքել այգիների բերքը: Եթե բերքը շատ է լինում, և տան անդամները չեն հասցնում ամբողջը հավաքել, արդեն սկսում են դիմել բանվորների օգնությանը: Ամեն օր վաղ առավոտյան արթնանում են և շտապում են իրենց աշխատանքին: Մեծից մինչև փոքր բոլորը բարձրանում են ծառը և բերքը հավաքում: Չկա մի ընտանիք, որ այս ամիսներին ունենա ազատ ժամանակ:

Իրականում շատ դժվար է, էլ ավելի է դժվարանում աշխատանքը, երբ ջերմաստիճանը շատ բարձր է լինում: Վաղ առավոտից աշխատում են մինչ ուշ գիշեր: Հետո հոգնած գալիս են տուն և արդեն ի վիճակի չեն լինում ինչ-որ բան անելու: Մայիսի վերջերից սկսած հասնում է կեռասը, և մինչև հուլիս ամիսը կեռաս են հավաքում, այնուհետև հասնում է ծիրանը, դեղձը, սալորը, խնձորը, և այսպես մինչև խոր աշուն: Բայց պատահում է, որ գալիս է գյուղացիների կողմից չսիրած կարկուտը, և ինչպես գյուղացիներն են ասում, «Սաղ աշխատանքներս քցեց ջուրը», կամ լինում է ցրտահարություն, և ամբողջ աշխատանքը ջուրը տանում է: Իհարկե, աշխատանքը շատ դժվար է, բայց առանց տրտնջալու և հոգնելու բոլորը ջանասիրաբար կատարում են իրենց բաժին աշխատանքը: