Seroj araqelyan

Առաջին աշխատավարձս

Երևի վերնագիրը էնպես արեց, որ ստիպի ձեզ մտածել, թե ես աշխատանքի եմ ընդունվել: Բայց ոչ, ես հիմա միայն սովորում եմ: Շատ անգամ է եղել, երբ ծննդյանս նվերի փոխարեն ինձ գումար են տվել, ինչը համոզված եմ, կատարվել է նաև այն մարդկանց հետ, ովքեր կարդում են այս տողերը: Դե այդ գումարը տվեցին, հա՝ վերցրեցի, ծախսեցի, ու էլ չկա: Հենց էնպես ես գումար ստացա, բայց ո՞ւր է այդ գումարը: Հաջորդ օրը իհարկե այդ գումարը չկար: Շուտով ամառ է, օրվա անբաժան մաս են դառնալու պաղպաղակն ու սառը հյութը, ու հաստատ դրանք մեզ անվճար ոչ մեկը չի տա: Ու համոզված եմ, դրանք կծախսվեն տնից դուրս գալիս կամ պարապմունքի գնալիս, ինչու չէ, նաև դպրոցից տուն գնալիս:

Հա, խոսքս կիսատ թողեցի, ասենք, վերցրեցի այդ ծննդյան գումարը՝ ծախսեցի: Չէ՞ որ ես չեմ աշխատել, կարող եմ հանգիստ ծախսել: Չէ, հանկարծ այսպես չմտածեք երբեք: Ասե՞մ ինչու՝ կասեմ: Երբ ես վաստակեցի առաջին աշխատավարձս՝ հազար դրամը, դա ինձ համար ավելի թանկ էր, քան թե ծննդյանս օրը նվիրած հինգ կամ տաս հազար դրամը, որովհետև ես ունեի իմ աշխատանքի բաժինը: Եթե ասեմ՝ իմ արդար քրտինքը, սուտ կլինի, էդպես չեմ տանջվել, բայց այդքանն էլ էր բավական, որ հասկանամ, թե ինչքան դժվար է գումար աշխատելը: Հասկանում էի, երբ հազար դրամանոց թղթադրամը դառնում էր մետաղադրամներ և սկսում կամաց-կամաց ծախսվել: Մեկ տուփ ծամոն, մեկ չիպս և մեկ պաղպաղակ՝ ես արդեն ունեմ հինգ հարյուր դրամ, աշխատավարձիս հիսուն տոկոսը: Այդ ժամանակ էի պատկերացնում, թե ինչ է աշխատանք-աշխատավարձ հասկացությունը, ու հասկանում, որ միայն վերցնելով չի, գալու է մի օր, երբ մենք նույնպես աշխատելու ենք, ու պետք է ամեն ինչ գնահատել, ինչու չէ, նաև գնահատել մեր ծնողների աշխատանքը և ոչինչ չխնայելը մեզ համար: Աշխատավարձս երբ ստացել եմ, մի քանի տարի առաջ էր: Ուղղակի հիմա գրպանումս կա հազար դրամ, ու այդ հազար դրամը ստիպեց ինձ հիշել առաջին վաստակած գումարս: Այն ժամանակ եմ հասկացել վաստակած գումարի արժեքը, գումարը ճիշտ ծախսելու մասին մտածել, սակայն չեմ բարձրաձայնել, որովհետև այն ժամանակ 17.am-ի մասին անգամ չէի լսել: Հիմա կիսվում եմ ձեզ հետ ու մի կարևոր բան էլ հասկանում. 17.am-ը հնարավորություն է տալիս արտահայտել մեր մտքերը, կիսվել մեր պատմություններով, մեր հասակակիցների կյանքի փորձն էլ իմանալ, խորհուրդները լսել, զգալ, որ դու մենակ չես, քեզ նմանա հազարավոր պատանիներ կան, որոնց հետ կարող ես հանդիպել այստեղ՝ 17-ի էջերում: