Մեր հացը

Լուսանկարը` Անի Ասրյանի

Լուսանկարը` Անի Ասրյանի

Շատերի կարծիքով լավաշը թխվում է մեկ ճանապարհով՝ հատուկ սարքով: Բայց մեր լավաշը՝ գյուղիս լավաշը, ուրի՜շ է, ուրի՜շ: 

Ժամանակի հետ մոռացվում է մշակույթը, որը ստեղծվել է մեծ դժվարությամբ: Տարիներ առաջ գյուղի փողոցներով անցնելիս վայելում էի նոր թխած հացի անուշ բույրը, բայց հիմա այդ բույրը մնացել է թոնրի պատերի ներսում: Հիմա մարդիկ հացը գնում են կամ թխում համապատասխան սարքով, իսկ թոնիրները մամռոտվել են, կամ քայքայվել են դրանց պատերը: Այնքան ցավոտ է մշակույթը կորցնելու փաստը: Թոնրի բույրը եկվորներին հուշել է, որ գյուղում դեռ շունչ կա, մարդիկ դեռ ապրում են այդտեղ: Առաջ գյուղի ընտանիքներին հաշվում էին ծխացող ծխով՝ այսքան ծուխ: Եթե տանը ապրող կար, ապա անպայման կամ թոնիրն է վառել, կամ վառարանը: Իսկ հիմա, հիմա կողպեքներն են հուշող աղբյուր հանդիսանում: Թոնրում հաց թխելը իմ մանկության լավագույն հիշողություններից է: Այսօր մանկան պես երջանկացել էի, մայրական տատս թոնրի լավաշ էր թխել և ինձ համար էլ էր ուղարկել: Այդ մի քանի հացը կարծես հագեցրեցին կարոտս:

Լուսանկարը` Անի Ասրյանի

Լուսանկարը` Անի Ասրյանի

Մարդիկ ամբողջությամբ չմոռացան մշակույթը: Ճիշտ է, նրանք փակեցին թոնիրները, բայց դրանից բացի տատիկները ստեղծել են նոր միջոց լավաշ թխելու համար: Այս մեկն էլ անվանում են սաջի հաց: Երբ մեր հացը վերջանալու շեմին է լինում, ես ու մայրիկս միասին թխում ենք սաջի վրա: Սաջը կլորավուն, երկաթից պատրաստված սարք է, որը տեղադրվում է կրակի վրա: Մինչ երկաթը կտաքանա, մայրս գրտնակում է խմորի գունդը և տաքանալուց անմիջապես հետո խմորի բացված գունդը տարածում է սաջի երկայնքով: Պատմեմ իմ աշխատանքի մասին:

Ես վերցնում եմ երկաթից պատրաստված թրանման գործիքը և կանգնում կրակի մոտ: Երբ հացը շրջելու է լինում, այդ գործիքի օգնությամբ շրջում եմ, իսկ թխելուց հետո տեղավորում եմ սեղանին: Հացերը դարսերով շարում ենք, որպեսզի հետո չորացնենք: Այսպես են վարվում մի քանի ընտանիքներ: Այս միջոցով փորձում են պահպանել գյուղում ծխացող ծուխը՝ հրապուրիչ բույրով:

Երանի ժամանակը հետ գար, ապրեի այն երանելի պահերը, որոնք այլևս չեն կարող կրկնվել: