mher tumanyan-2

Առաջին խիզախությունս

Բավականին փոքր էի, երբ կատարվեց այն, ինչի մասին ուզում եմ պատմել: Ամառ էր: Ինչպես ամեն տարի, գնացել էինք գյուղ` հանգստանալու: Ավելի ճիշտ` քաղաքի խժդժոցից հանգստանալու: Օրը դեռ չէր կիսվել, երբ ես ու հորեղբայրս դուրս եկանք տնից, նստեցինք մեր հին ու բարի «Վիլիսը» և գնացինք գյուղի մյուս կողմում գտնվող այգին, ինչ-որ բաներ ցանել-հավաքելու:

Փոքր էի, կարճ ժամանակ անց հոգնեցի ու նեղացած նստեցի մեքենայի մեջ (նեղացած էի բոլորից, բայց ինքս էլ չգիտեի, թե ինչու): Ու քանի որ շատ ժամանակ ունեի, որոշեցի ուսումնասիրել տարածքը: Քայլում ու փորձում էի ինչ-որ արտասովոր բան հիշել` հետդարձի ճամփան գտնելու համար: Իրո’ք, շատ գեղեցիկ է մեր բնությունը: Այն գրավում է բոլորին`փոքրից մեծ: Գնացի այնքան, մինչև հասա մի աղբյուրի, ջուր խմեցի ու արագ-արագ հետ դարձա: Արդեն բավականին ժամանակ էր անցել: Երբ տեղ հասա, հորեղբայրս դեռ այգում էր, դեռ փորում ու փխրեցնում էր հողը: Ինձ վատ զգացի, երբ տեսա ինչքան է աշխատել: Վատ զգացի, որ թողել ու գնացել էի: Չնայած ինձ հանգստացնում էի էն մտքով, որ եթե մնայի, միևնույնն է, ոչնչով չէի օգնելու: Գնացի պատմելու, թե ինչեր եմ տեսել ճանապարհին` երևի ինչ-որ չափով մեղքս քավելու համար:

Արդեն բավականին ուշ էր, երբ նստեցինք մեքենան ու ճանապարհ ընկանք: Շատ չէինք գնացել, երբ ծխի ու կրակի մեջ հայտնվեցինք: Ծխի քուլաների մեջ մի կերպ նշմարվում էին գյուղացիներից մի քանիսը: Ճանապարհի եզրը ամբողջ տարածքով այրվում էր: Արագ-արագ դուրս եկանք մեքենայից, ու ձեռքի տակ ընկած ճյուղերով, միացանք գյուղացիներին: Ես չգիտեի` ինչ անել, սկզբում անգամ վախենում էի, բայց նայելով հորեղբորս սկսեցի կրկնօրինակել: Ճյուղերով խփում էինք կրակի շիթերին` չթողնելով, որ այն տարածվի: Հրշեջներին կանչելն ուղղակի անիմաստ էր: Ամենամոտ հրշեջ կայանը գյուղից հեռու է մոտ 20 կիլոմետր: Մինչև հասնեին, մենք արդեն հանգցրած կլինեինք: Շատ չտևեց, մոտ 20-30 րոպե, բայց այդքանն էլ բավական էր, որ ինձ հերոս զգայի: Մի պահ նույնիսկ մտածեցի, որ ինձնից շատ բան է կախված և սկսեցի ավելի արագ և ուժեղ հարվածել: Որոշ վնասվածքներ ստանալով մեզ հաջողվեց հանգցնել կրակը: Երբ տուն հասանք, առաջինը նկատեցի մորս զարմացած ու վախեցած հայացքը` ամբողջ դեմքս ծխի ու մրի մեջ էր: Արագ լվացվեցի ու սկսեցի պատմել «հերոսություններիս» մասին: Բոլորն ուրախացան, համենայնդեպս, ինձ այդպես թվաց: Ես էլ ինձ լավ զգացի, որ չնայած մենակ էի թողել հորեղբորս, բայց փոխարենը լավ գործ էի արել, թեկուզ փոքր: