Ani Ghambaryan

Կարևոր մասնագիտություն

Հարցազրույց  ատամնաբույժ  Գարիկ  Սեդրակյանի  հետ

-Որքա՞ն ժամանակ է, որ   զբաղվում եք  ատամնաբուժությամբ

-Արդեն 20 տարի է զբաղվում եմ այս գործով:

-Իսկ ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:

-Ինձ հիշեցրիր այն պահը, երբ կանգնած էի ընտրության առաջ: Հայրս` մասնագիտությամբ շինարար, միշտ երազել է, որ ես ու քույրս լինենք բժիշկներ, ինչպես մորեղբայրս: Իսկ ես, ինչպես յուրաքանչյուր պատանի, մտածում էի դառնալ ֆուտբոլիստ: Եվ  ահա` չկարողանալով ընդդիմանալ հորս կամքին, ես և քույրս ընդունվեցինք բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետ: Երկար տարիների քրտնաջան աշխատանքից հետո, ահա, արդյունքը:

-Կհիշե՞ք որևէ հետաքրքիր դեպք Ձեր աշխատանքային առօրյայից:

-Համարյա ամեն օր մի հետաքրքիր, ծիծաղելի միջադեպ լինում է, բայց այս պահին դժվարանում եմ հիշել, բայց կա մի դեպք, որը ամեն անգամ ատամի հեռացում անելիս անպայման հիշում եմ: Երկրորդ կամ երրորդ կուրսում էի սովորում և ամեն տարի ամռանը գալիս էի Ջերմուկ՝«Արարատ» առողջարան, որտեղ որպես ատամնաբույժ աշխատում էր իմ լավ ուսուցիչ բժիշկ վարպետ Դավթյանը: Հագնում էի իմ սպիտակ խալաթը և ինձ ամենա-ամենան կարծում: Մի օր, երբ ուսուցիչս ինձ թույլ տվեց հեռացում անել, ես այնքան շփոթված էի, որ հեռացրի ոչ թե հիվանդ ատամը, այլ կողքի՝ մեկ այլ ամուր ատամ:

-Եվ, երևի հիմա ամեն անգամ ուշադիր զննո՞ւմ եք:

-Այո՛, այո՛, իրոք որ, հիմա ամեն անգամ, գործիքը ձեռքս առնելով, մի անգամ ևս զննում եմ, հետո նոր կատարում գործողությունը: Դա ինձ համար իսկապես լավ դաս էր:

-Իսկ հաճույքո՞վ եք աշխատում:

-Եթե հաճույքով ու սիրով չաշխատես, ապա լինես խոհարար, բժիշկ, թե շինարար, լավ արդյունք չես ունենա: Ըստ այդմ` աշխատում եմ և՛ սիրով, և՛ հաճույքով, և՛ նորանոր բացահայտումներով: Նշեմ նաև, որ իմ հաճախորդներին չեմ ընդունում որպես հիվանդներ: Նրանք իմ ընկերներն են և մարդիկ, որոնց օգնում եմ դժվար պահին, բայց և որոնց միջոցով էլ բացահայտում եմ իմ մասնագիտության նոր կողմերը: