10-11 տարեկան էի… Ամառվա անհոգ օրերից մեկն էր: Ֆուտբոլային դաժան եզրափակչից հետո նստել էինք շենքի դիմացի քարերին հանգստանալու:
Հոգնածությունից աչքերս արդեն փակվում էին, երբ ականջս ընկավ այսպիսի խոսակցություն.
-Տղեք, տղեք, էն ի՞նչ լույսեր ա,- ընկերներիցս մեկն էր դեպի դիմացի սարալանջը ցույց տալով զարմացած հարցնում:
-Լույսեր ա, էլի,-պատասխանեց երկրորդը:
-Չէ, լուրջ, հլը նայեք, թարթում ա, գնում ա էս կողմ – էն կողմ, բարձրանում ա, իջնում: Էրեկ հեռուստացույցով ասում էին, որ էսօր այլմոլորակայինները հարձակվելու են: Էս հաստատ իրանք են,- ամենահորինող ընկերս էր:
-Այ տղա, ինչ էլ հավես ունես, ի՞նչ այլմոլորակային, ի՞նչ բան… Չկա տենց բան, ու համ էլ` հերիք ա հորինես, որ տենց բան ես լսել:
-Չէ, չէ, լսել եմ հաստատ:
Չնայած ոչ մեկս չհավատացինք նրա խոսքերին, որովհետև ինքն էլ չէր հավատում, այնուամենայնիվ, բոլորս մի մարդու նման վազեցինք դեպի հազիվ նշմարվող լույսերը:
Ասեմ, որ ճանապարհը բավականին դաժան էր էդ ժամանակ. մինչև նպատակակետ հասնելու համար պետք է անցնեինք մի քանի շների բների մոտով: Ասեմ նաև, որ այդ թումբը մեզնից մոտ 2.5-3 կիլոմետր հեռու էր:
Այնուամենայնիվ հասանք: Տղաներից մեկը նույնիսկ հեռադիտակ էր վերցրել իր հետ:
-Տղեք, տղեք, հենա` տենո՞ւմ եք, ոնց որ հրթիռ լինի, կամաց-կամաց իջնում ա:
Բոլորս լուռ էինք, զարմացած, վախեցած: Մի՞թե դա իրական էր: Մի՞թե Հորինողը չէր հորինել:
-Բայց սիրուն ա, չէ՞, տղեք,- ծանր մթնոլորտը ցրելու համար ասացի ես:
-Հա, շատ,կյանքումս հրթիռ չէի տեսել:
Հրթիռն իջավ, իջավ, մինչև ձուլվեց հեռվի սարերի մեջ:
Բոլորս զարմացած էինք, արդեն մոռացել էինք, թե այդ օրվա ֆուտբոլի, և թե օրվա ուշ ժամի մասին:
Արդեն մեխանիկորեն, առանց հասկանալու, լուռ գնացինք տուն` տանը պատմելու կատարվածը:
Եվ ինչքան զարմացած, զայրացած և ուրախ էին մեր դեմքերը, երբ առավոտյան պատուհանից դուրս նայելիս տեսանք, որ դա ընդամենը հին, քիչ օգտագործվող ճանապարհ էր, զառիթափի վրա էր գտնվում: Իսկ հրթի՞ռը` կհարցնեք դուք: Մթության մեջ զառիթափից իջնող մեքենաների լույսերը մեզ վայր իջնող հրթիռներ էին թվացել: