karen karapetyan portret

Ասե՞լ որ…

Երկար ժամանակ էր` չէի նստել գրասեղանիս առաջ ու բացել 17.am-ի նվիրած բլոկնոտը: Բացեցի, ու աչքերիս առաջ եկան ճամբարային օրերս: Լավ օրեր էին: Վերցրեցի գրիչս և ուզում էի գրել, բայց ինչի՞ մասին: Թե ինչո՞ւ են իմ սիրելի քաղաքի՝ Սևանի, ծառերը կտրել այնպես, որ գոնե մի ճյուղ չի մնացել վրան, թե ի՞նչ քանդված են ճանապարհները դեպի քաղաք տանող, և ինչու չեն կազմակերպվում շաբաթօրյակնե՞ր, ինչու երիտասարդները չգիտեն, թե ինչպես անցկացնել ազատ ժամանա՞կը: Չկա ժամանցի գրեթե ոչ մի վայր, իսկ եթե ուզում ես ինչ որ մի բան պարապել, թեկուզ սպորտով զբաղվել, պետք է հասնել մոտակա քաղաքները: Դե մոտակա ասելով մեր գյուղից 20-25կմ են հեռու:

Լավ, հերիք է բողոքեմ, մեկ է՝ օգուտ չկա: Ընտրությունների ժամանակ լավ չէ՞ր. ինչ ասում էիր, ասում էին՝ էս ընտրությունները անցնեն, մի քիչ խառն ենք, կզբաղվենք այդ հարցերով: Գոնե հույս կար այդ ժամանակ:

Ընկերս մի շատ լավ խոսք ունի, ասում է. «90-ական թվականերին ոչ լույս կար, ոչ գազ, բայց հույս կար, իսկ հիմա ամեն ինչ կա, բայց հույս չկա»:

Անկախ այս ամենից ես սիրում եմ իմ երկիրը և իմ գյուղը, որը փռված է Սևանա լճի ափին, և չնայած այն բանին, որ արդեն մի քանի տներ մի շաբաթվա ընթացքում դատարկվել են, ես էլի սիրում եմ ու շարունակում ապրել իմ սիրելի Ծովազարդ գյուղում: