Sargis Melkonyan

Գործ անողը գործ կգտնի

Երեկ վերջապես գրադարակս էի դասավորում։ Պատահաբար ձեռքս մի գրքույկ ընկավ, որը պատմում էր սիրիահայերի Հայաստան գաղթի և այստեղ սեփական գործ հիմնելու մասին։ Գրքույկը, ինչքան հիշում եմ, անցյալ տարի Եվրոպայի օրն եմ վերցրել, չգիտեմ էլ՝ որ տաղավարից։ Թերթում եմ գրքյկի էջերն ու կարդում սիրիահայերի մասին. նրանցից ոմանք ուղղակի որպես զբոսաշրջիկ են եկել Հայաստան, ու երբ իրավիճակը Սիրիայում վատացել է, անգամ չեն կարողացել վերադառնալ ու բերել մյուս իրերը կամ գոնե գույքը վաճառել։ Ու այդպես, ճակատագրի բերմամբ, նրանք մնացին Հայաստանում և կարողացան նույնիսկ 0-ից ինչ-որ բան ստեղծել՝ մեկը զարդեր է պատրաստում, մյուսը՝ քաղցրավենիք, երրորդը՝ սիրիական ուտեստներ, մեկ ուրիշը՝ ասեղնագործ իրեր, զարդանախշ նարդիներ ու շախմատներ, զբաղվում է հագուստի առևտրով․․․ 

Ի՞նչ եմ ուզում ասել․ մարդիկ ոչնչից կարողացան բիզնես ստեղծել և առաջխաղացնել, անտուն լինելով կարողացան տուն գնել՝ Հայաստանում աշխատած գումարով։ Ու ես մինչև հիմա չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են, թե Հայաստանում գործ չկա։ Իրականում Հայաստանում այնքան գործ կա, որ ոչ մեկս չենք կարող պատկերացնել։ Մինչդեռ հիմա մարդիկ ամեն պատի տակ փնովում են մեր երկիրը ու ասում են, որ գործ չկա, բայց հենց նրանք գործ բառը գրում են «գոռծ», ոչ կարգին օտար լեզու գիտեն, ոչ կարգին հայերեն, ոչ էլ արհեստ գիտեն, արվեստի մասին էլ չեմ խոսում, և ուզում են միայն մենեջեր կամ տնօրեն աշխատել։ Բայց նրանց կողքին կան մարդիկ, ովքեր երկու-երեք համալսարան են ավարտել կարմիր դիպլոմով, տիրապետում են մի քանի օտար լեզուների, բայց չեն կարողանում իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել։

Հասկանում եմ, մեր պետությունը բավարար գումար չունի, դրա համար գյուտարարին, ֆիզիկոսին, քիմիկոսին և ուսուցչին «աղքատավարձ» է տալիս, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություն չունենք աշխատելու։ Գյուտարարը կարող է հիմնել ընկերություն և արտադրել սարքավորում, որն ինքն է հորինել։ Հույսը երբեք չի մեռնում:

Մի օր ես ու դու էլ կդառնանք միլիոնատեր, բայց այդ օրը կգա միայն այն ժամանակ, եթե ոչ թե վաղվանից սկսենք աշխատել այդ ուղղությամբ, այլ այսօրվանից։