Susanna Grigoryan

Ասֆալտե տուփը

Նա ծնվել էր մի ահավոր լուռ օր, երբ երկինքը ասֆալտի գույն ուներ, ու երբ բրիտանացի գիտնականները կլաուստրաֆոբների մոտ նոպաների սրացում էին նկատել, որովհետև ուր էլ գնայիր, քեզ ասֆալտե տուփի մեջ փակված էիր զգում։ Երևի հենց այդ ասֆալտե տուփն ու ձայների բացակայությունն էլ խլեցին նրա բոլոր բառերը, ու նա ծնվեց կատարյալ լռության մեջ։ Հետո, իհարկե, մայրիկ էլ ասաց, հայրիկ էլ, ու ծնողներն էլ կարծես ինչ-որ չարագուշակ պատահականությամբ նրան շատ խոսուն անուն տվեցին, բայց ասֆալտե տուփը իր հետքը թողել էր…

Սովորական երեխա էր՝ առանց առանձնահատուկ տաղանդների կամ հետաքրքրությունների, էդպիսիների մասին ծնողները ասում են, որ կարևորը առողջ լինելն է, ու որ հաջորդը ամեն ինչ տեղը կդնի։ Բայց հաջորդը էլ չեղավ, ու գուցե բարին էլ դա էր, որովհետև դժվար կլիներ ծնված օրվանից ուսերիդ կրել ինչ-որ մեկի կյանքը տեղը դնելու ակամա պարտականությունը։ Բաժանումից հետո մայրը արդեն համոզված էր․ «Սա էլ հոր պես է, ոչինչ դուրս չի գա»:

Դպրոցում վատ չէր սովորում, որովհետև գրքի բառերը անգիր անելու համար շատ բան պետք չէր, բայց ընկերների հետ շփվելու համար ճիշտ բառեր էին հարկավոր, որ չկային։ Չնայած, եթե ձեր շփումը «բարև»-ով ու «հաջող»-ով է սահմանափակվում, ընկերություն էլ երևի չկա: Վերջին զանգին իր կարդացած բոլոր գրքերը 1-2 նախադասության մեջ հավաքեց, որ իրենց դասարանի Աննային ասի, թե ինչքան է սիրում, ու էդ անկանոն, անհասկանալի կմկմոցով էլ ավարտեց դպրոցը՝ հասկանալով, որ ինքը հորը ընդհանրապես նման չի, բայց մայրը ինչ-որ առումով ճիշտ էր։

Համալսարանում ամեն ինչ ավելի լավ էր, նույնիսկ ընկերներ ուներ (համենայնդեպս ինքը էդպես էր կարծում), մինչև էդ ընկերների հետ կիսամահ անելու չափ չծեծեց իրենց կուրսի երկար պոչիկով տղային։ Մարդ ծեծելու համար բանտ են նստում, իսկ դաժանության համար՝ ավելի երկար: Ու աշխարհի չափ հին էս պատմությունն էլ ավարտվեց բանտով ու հարևանների խոսակցություններով․

-Էդ տղան խոսել չգիտեր, մարդ ո՞նց կծեծեր։

Կծեծեր, հավատացեք, կծեծեր։ Մանավանդ, երբ 20 տարի հոգումդ կուտակված բառերը ոչ մի կերպ դուրս չեն գալիս։

Ասում են՝ բանտից հետո մարդիկ դժվար են ինտեգրվում հասարակությանը, բայց էդպիսի խնդիրներ չառաջացան, որովհետև նա երբեք էլ հասարակությունում ինտեգրված չէր եղել ու գիտեր՝ ոնց էդպես ապրել: Մի քանի տարի հետո ապագա կինն էլ հայտնվեց, որը դեռ մանկուց հավատում էր վատ տղաների ու խելոք աղջիկների մասին սիրուն հեքիաթներին ու նրան նայելիս միշտ կաշվե բաճկոնով ու մոտոցիկլով կինոյի տղաներին էր տեսնում: Նա այդպիսին չէր, բայց բառեր չգտավ բացատրելու համար, ու այդ բացատրությունները կուլ տված իրար հետ 7 տարի ապրեցին: 7 տարի լռության մեջ ապրելով սեր չի առաջանում, բայց մարդիկ համակերպվում են, ու նա գիտեր, որ կինը վաղուց ամեն ինչ հասկացել է ու որ վաղ թե ուշ հեռանալու է: Ամեն երեկո ուզում էր խոսել, ինչ-որ անիրականանալի բաներ խոստանալ, հավատացնել, որ կփոխվի, բայց ճիշտ բառեր էլի չկային: Ու մի առավոտ անկողնում մենակ արթնանալով՝ հասկացավ, որ այլևս կարիք չկա, որովհետև վատ տղաների ու խելոք աղջիկների մասին հեքիաթներին հավատացող իր կինը նոր հեքիաթների էր սկսել հավատալ, որտեղ 30-անց կանանց կյանքը դեռ նոր է սկսվում: Նա հեռանալիս էդպես էլ չէր ցանկանցել խախտել իրենց համատեղ կյանքի երկարամյա լռությունը:

Լռությունն ու մենակությունը իրար լրացնում են, բայց հեշտ չէ ընդունել, որ ամբողջ կյանքդ վակուումում ես անցկացնելու: Ու նա հավատում էր, որ ճիշտ բառերը մի օր գալու են։ Էդպես էլ ամբողջ կյանքում սպասում էր այդ հեռավոր ու խուլ բառերին, որ իրենից խլել էին, երբ դեռ երկինքը ասֆալտի գույն ուներ…