Արամի անավարտ նկարը

«Ես անմահ եմ, մամ, չնայած շուտ եմ մահանալու», – այս խոսքերը մինչև անգամ ծառայության գնալը հաճախ էր կրկնում 44-օրյա պատերազմում զոհված Արամ Պողոսյանը։ Մայրը բարկանում ու անհանգստանում էր՝ ինչու է 18-ամյա որդին այդ մասին մտածում։ Բայց գուցե Արամն արդեն զգո՞ւմ էր․․․

Ի ծնե տաղանդը, արվեստագետի ոգին ու զգացմունքը դեպի գույներն Արամի մոտ արտահայտվել էին, երբ նա անգամ խոսել չէր կարողանում։ Փոքր տարիքում անդադար նկարում էր, որտեղ պատահեր։ Նկարում էր ու սեփական պատկերները ստեղծում սովորական կերպարներից ու ստանդարտներից դուրս և պատմում ու բացատրում էր բոլորին նկարները՝ երբևէ չմոռանալով ոչ մի մանրուք։Գեղարվեստի պետական ակադեմիայում անվճար էր սովորում․ ծառայության էր գնացել իր հասակակիցներից ավելի ուշ։ Արամը տանկի հրամանատար էր, արվեստագետի ազատ հոգին սկզբում բարդ էր հարմարվում ծառայության խստությանը, և, չնայած դրան, լավագույն զինվորների շարքում էր։

Պատերազմի ժամանակ Արամն ու ընկերները Ջրականում էին կռվում։ Բնավորության համաձայն չէր բողոքում ու նեղսրտում․ ինքն էր ոգևորում ծնողներին։ Հոկտեմբերի 5-ին Արամի ամենավառ ու գունագեղ նկարը՝ կյանքը, ընդհատվեց ու մնաց կիսատ։

Արամն իր կյանքի 21 տարիներին ստեղծագործեց ու իր յուրօրինակ ձեռագիրը թողեց արվեստում։ Հունիսի 24-ին «Liver» արվեստի մենեջմենթի ընկերության ջանքերով Հայ բարեգործական ընդհանուր միությունում բացվեց Արամի ցուցահանդեսը։ Հետագայում Արամի նկարներին ծանոթանալու նոր հնարավորություններ կլինեն։

Արամ Պողոսյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։