Էլի մի օր

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

-Երեխեք, դա՛ս կրկնեք:

-Հեսա, ընկեր Գյուրջյան, հա, Մար, լսի, ուրեմն երեկ մաթեմի էի…

Բարև՛, ես Ֆլորան եմ: 17 տարեկան եմ, բայց բոլորն ասում են, թե նման եմ 21 տարեկանի: Լավ, դա էական չէ: Շատ եմ սիրում մաթեմ ու խոսել: Երբ մտքումս քաոս է, և մտածում եմ մի ելք գտնել ստեղծված իրավիճակից, դուրս «պլստալու» համար, սկսում եմ լարվել: Իսկ երբ լարվում եմ, դառնում եմ շատախոս: Եզրակացություն՝ ես միշտ լարված եմ: Ծիծաղելի է, բայց փաստ:
Խոսելը օգնում է նաև ճանաչել դիմացինիս: Ես պատմում եմ մի անհավանական պատմություն, իսկ նա, ում ականջներն արդեն այրվում են ձայնիցս, լարված գրիչն է շարժում վանդակավոր տետրի վրայով և նկարում որևէ թեորեմի ապացույց:
Թվային ֆունկցիա: Հիմա կգրեմ մի քանի վարժություն, հետո տետրի լուսանցքում կխզբզեմ որևէ մեկի դեմքը, ում երբևէ չեմ էլ հանդիպել, կսիրահարվեմ գլուխգործոցիս և կշարունակեմ մտածել:
-Բարև ձեզ:
-Բարև, բարև:
-Ո՞նց եք, ընկեր Մանասյան:
-Դու ո՞նց ես,- ու մի անգամից ավելացնում,- գործ արե՞լ ես, «ընգեր»:
Երևի շատերը կծիծաղեն՝ իմանալով, որ մաթեմն ինձ համար ամեն ինչի հիմքն է, բայց ինձ համար միևնույնն են այն «կարծիքասացները», ովքեր կփորձեն ինձ հակառակն ապացուցել:
Կնստեմ իմ տեղում ու կսկսեմ խոսել:
-Երեխեք, կոֆե խմո՞ւմ եք:
-Հա:
-Դե գնա՛, դի՛ր,- ու ծիծաղելով կգնամ մեր խոհանոցիկ:
Ինձ համար արդեն երկրորդ տուն է դարձել այն սենյակը, որտեղ մենք՝ ես ու էլի մի քանիսը, խորտակվում ենք «թեորեմների օվկիանոսում»:
-Վա՜յ, էլի թափվեց, էս անգամ բաժակներն ո՞վ ա լվանալու:
Նորից մտքեր: Նորից թվեր:
Ո՞նց չեմ գժվում, զարմանում եմ: Ով իմ չափ մտածեր ու խոսեր, ամենաուշը մի տարուց ինքն իր հարցերը կլուծեր: Գիժը դուք եք:
-Ան, մի հատ բացատրի:
Թվե՜ր: Իսկ ես մտածում եմ, որ տղա լինեի, ինչ լավ կլիներ, ինչքան տղա կծեծեի: Մի՛ ծիծաղի:
Իջնում եմ աստիճաններից ու մտածում լիքը ախմախությունների մասին: Թո՜ւ, էլի ընկա էն փոսը, որի մեջ ամեն անգամ ոտքս ոլորում եմ: Տենց էլ չսովորեցի էդ փոսը շրջանցել:
Ավտոբուսը կանգնեց: Ականջակալները փորձում են խլացնել աշխարհի աղմուկը, բայց… Հայացքս կսահի բոլորի դեմքերի վրայով: Ըհը, էլի մեկը, ով վազելով հասավ արդեն փակվող դռներին:
Տարօրինա՜կ: Ես լուռ լսում եմ մտքերս, ու անաղմուկ վիճում ինքս ինձ հետ:
Տե՛ս, ինչ սիրուն է մայրամուտը: Ես նայում եմ նրան և այդ օրվա անցուդարձը տալիս նրան, որ տանի ու այրի հեռուներում, ինձ այլևս դրանց մասին չհիշեցնելու նախապայմանով: