meri avetisyan

Արտիստը

Այդ օրը սովորական օր էր, ներկայացում դիտելու էինք գնացել Երևանի թատրոններից մեկում: Դեռ ներկայացումը չսկսված՝ մեր հետևի շարքում տեղավորվեցին երեք կին, հավանաբար աշխատանքից էին եկել, բայց հոգնած տեսք չունեին, ավելի շատ մարտական էին տրամադրված։ Թե ինչին էին մարտական տրամադրված՝ շուտով կիմանաք, քանի որ ես ինքս էլ չեմ կարողանում բառերով բացատրել:

Ներկայացումը սկսվեց՝ կատակերգություն էր երկու գործողությամբ: Երևի հինգ րոպե էլ չէր անցել, երբ կանանցից մեկը խոսեց.

-Թող խաղան, սրանց խաղացածը ինչ պետք ա լինի:

-Մի նորմալ դերասան էլ չունենք,- ավելացրեց մյուսը:

-Բա հլը հագածները…

Ես շրջվեցի և խնդրեցի, որ լռեն, քանի որ խանգարում են և ավելացրի, որ ամեն դեպքում պետք է հարգել նրանց, ովքեր կանգնում են բեմի վրա, իսկ վերջում շեշտեցի, որ հագուստը բեմական հագուստ է: Ի պատասխան իմ խնդրանքի՝ կանայք ավելի բարձր շարունակեցին իրենց քննադատությունները, և նրանց զրույցը ավարտվեց դռնապահուհու նկատողությամբ: Ներկայացման երկրորդ գործողության ժամանակ կանանցից մեկը զրուցում էր հեռախոսով և դռնապահուհին երկրորդ անգամ նկատողություն արեց և ասաց, որ պետք է անջատել բջջային հեռախոսը կամ բարի լինել և լքել դահլիճը:

Ներկայացումը ես շատ էի հավանել, բայց մի տեսակ տրմադրության անկում ունեի, արդյո՞ք պատճառը կանանց վերաբերմունքն էր առ թատրոն: Ես այդպես էլ չհասկացա՝ ինչպես նրանք պետք է ոտքի կանգնեին ներկայացման վերջում ու ծափահարեին դերասաններին, և չտեսա էլ՝ կանգնեցին ոտքի, թե ոչ: Ի վերջո, պետք է ընդունել, որ դերասանի մասնագիտությունը ամենաբարդ մասնագիտությունն է: Թատրոնում դերասանը գործի է դնում իր ողջ զգացմունքները, հոգևոր, մտավոր, ֆիզիկական կարողությունները, այնտեղ նա պարտավոր է լաց լինել, եթե դերը դա է պահանջում, անգամ այն դեպքում, երբ հոգին երջանկությունից թնդում է, և պարտավոր է լիաթոք ծիծաղել, երբ հոգին նույնիսկ սգի մեջ է: Դերասանը թատրոնում լոկ խամաճիկ է, և նա պարտավոր է ստիպել հանդիսատեսին ժպտալ և լաց լինել իր հետ միասին:

Հիշեցի մի դեպք, որը ինձ հետ պատահել է տարիներ առաջ: Մենք դասարանով ներկայացում դիտելու էինք գնացել։ Բեմադրվում էր Ա. Շիրվանզադեի «Արտիստը»: Ներկայացման ավարտին, երբ Լևոնի դերակատարը փռվել էր բեմահարթակին՝ իբրև մահացած, ես սկսեցի լաց լինել: Ներկայացումից հետո, երբ արդեն դուրս էինք եկել դահլիճից, ինձ մոտեցավ դերասանը և հարցրեց, թե ինչու եմ լաց լինում:

-Դուք մահացաք այնտեղ՝ բեմի վրա,- պատասխանեցի ես՝ զարմանքս ու հուզմունքս զսպելով:

Դերասանը ասաց, որ դա ընդամենը խաղ է, որը արդեն ավարտվել է։ Նա ժպտում էր, որովհետև կարողացել էր հանդիսատեսին ստիպել հավատալ, որ կերպարը մահացել է: Այդ դեպքից հետո՝ ամեն անգամ պատմվածքը կարդալիս, ես այդ արտիստին էի հիշում, որը բեմահարթակից նկատել էր լաց լինող երեխային: