lida armenakyan

Բռնության ձայնը

Հայաստանում կա բռնություն: Այո, որքան էլ զարմանալի է, մեր ազգն էլ սուրբ չէ։ Հայաստանում կա ամեն տեսակ բռնություն՝ սկսած մտքի ու ազատ խոսքի բռնությունից մինչև սեռական բռնություն:

Վերջերս hetq.am-ը հրապարակեց «Մազերն են մեղավոր» հոդվածը, որտեղ Հայաստանում բնակություն հաստատած չեխ աղջիկը պատմում է իր հետ կատարված սարսափելի պատմության մասին՝ նշելով, որ դա միակ դեպքը չէ․ Հայաստանում անցկացրած 1 տարվա ընթացքում բազմաթիվ սեռական ոտնձգությունների է ենթարկվել, և ահա մեկ անգամ էլ բռնաբարության փորձի: Թե ինչպես, երբ, որտեղ ու մնացած մանրամասներին ծանոթանալու համար առանց մի վայրկյան սպասելու՝ հոդվածի բնօրինակը կարդացեք: Էվայի այս պատմությունից, ինչպես նաև մինչ այդ Խաչատրյան քույրերի պատմությունից հետո Հայաստանում (վերջապես) բարձրացավ մի ալիք, մասնավորապես՝ Լյուսի Քոչարյանի ֆեյսբուքյան էջում, որտեղ լրագրողը սկսեց պարբերաբար տեղադրել անանուն պատմություններ #բռնության_ձայնը հեշթեգով, որոնք գրված են այն մարդկանց կողմից, ովքեր ենթարկվել են սեռական բռնության: Պատմությունները մեկը մյուսից սարսափելի ու ահավոր են: Մեկը մյուսից վտանգավոր ու հուզող: Բայց անգամ այս ամենի ֆոնին կան մարդիկ, ովքեր կասկածում ու չեն հավատում պատմություններին, ասելով՝ «սորոսից գրանտներ կերածների հորինածներն են», «դե լավ, Հայաստանում չի կարա տենց բան լինի», «հայ տղամարդը կնամեծար է, իսկ հայկական բանակում նենց առյուծ տղերք են ծառայում, որ ձև չի, ամոթ է, գոնե մի ասեք, բանակի պատիվը մի գցեք», ու նաև ավելի սարսափելի մարդիկ, ովքեր մեղադրում են զոհին, ովքեր արդարացնում են բռնարարին՝ ասելով, որ «լավ է արել, թույլ է տվել, արել ա»:

Չգիտեմ՝ ինչ աստիճանի ոչ երկրային լավատես պետք է լինել ու ինչ աստիճանի ջայլամի կյանքով ապրել, որ կարելի լինի կասկածի տակ դնել բռնության ենթարկվածներին, որ կարելի լինի չհավատալ, որ կարելի լինի զարմանալ, որ Հայաստանում էլ են նման դեպքեր լինում: Էն, որ բոլոր երկրներում կարող են պատահել նման դեպքեր, միևնույնն է, ոչ մի կերպ չի արդարացնում ձեր՝ բռնությունն արդարացնելու փաստը: Էլ չեմ ասում, որ բռնությունն արդարացնելը ևս հանցանք է ու դուք ինչ-որ մի մինիմալ կետով եք տարբերվում իսկական հանցակցից: Ու միայն էն, որ ձեզ հետ չի պատահել նման մի դեպք, ձեզ թույլ չի տալիս կասկածի տակ դնել, չհավատալ ու դեռ մի բան էլ վստահ-վստահ հերքել եղելությունը: Ձեր բախտը ուղղակի բերել է, ուրիշ ոչինչ:

#բռնության_ձայնը հեշթեգի տակ հնչող ահավոր պատմությունները մեր հասարակության դեմքն են ցույց տալիս, մեկ էլ դրանց տակ հեգնական ու կասկածամիտ «չեմ հավատում»-ներն ու «էս սաղ հորինած ա»-ներն են դիմագիծ ցույց տալիս, բայց մեկ էլ բոլոր էն կանայք (կներեք արտահայտված սեքսիզմի համար) են հասարակության դեմքը ու իրենց տգիտությունը ցույց տալիս, երբ հստակ պատմության տակ, որտեղ իրականում ակնբախ է, ով է բռնարարը ու ով՝ զոհը, դնում ասում են՝ աղջկանից է գալիս, աղջիկն է մեղավոր: Շատ վատ է, երբ տղամարդիկ չեն հավատում, վատ բաներ են ասում, բայց առավել վատ է, երբ կանայք են նույնը անում՝ աջակցելու փոխարեն: Ուղղակի անհասկանալի պահվածք է, ոնց կարելի է կասկածել պատմություններին, էն պատմություններին, որ մարդիկ մի կերպ են պատմում, որ հազար տարի ոչ ոքի չեն ասել, որ դա իրենց վրա մեծ հետք է թողել, որ շատերը չեն կարողանում նորմալ շփվել, որ շատերը նևրոտիկ են: Չգիտեմ, կներեք, բայց անհասկանալի եք:

Տերյանը «Մի խառնեք մեզ» բանաստեղծությունը գրելիս չէր հաշվարկել, որ տարիներ հետո էնպիսի հասարակություն կունենանք, որ վայրի արջի ցեղերին խառնելը խաղուպար կթվա: Պատմությունների մեջ գրեթե անխախտելի գնում է «գիտեմ, որ դու էլ ես ուզում» գիծը, գրեթե անխախտելի գնում է «ոչ ոքի չեմ պատմել տանը, որովհետև մամաս ինձ կմեղադրեր» գիծը, նույն կերպ անխախտելի գնում է «ոստիկանություն չեմ դիմել, որովհետև անիմաստ էր», նաև «ոստիկանությունում ասացին, որ դիմումս հետ վերցնեմ, որովհետև ընտանիք ունի կամ ամոթ է, ծնողներիդ անունը գցում ես»: Էդ պատմությունների մեջ քիչ չեն նաև մանկապղծության, պեդոֆիլիայի, ինցեստի դեպքերը, իսկ մենք անվերապահորեն վստահում ենք հարազատներին ու բարեկամներին: Պատմությունները 200-ից ավելի են, ու դա սարսափելի է էնքանով, որ մեր շրջապատում մեզ ծանոթ զոհերի առկայությունից բացի՝ հավանականությունը ահռելի մեծ է, որ մեր շրջապատում կան/կլինեն նաև նույնքան ծանոթ բռնարարներ: Իսկ ոստիկանություններում խայտառակ վիճակ է, զոհին օգնելու ու բռնարարին կալանավորելու փոխարեն արվում է ճիշտ հակառակը՝ զոհին սպառնում են, որ դիմումը հետ վերցնի կամ ուղղակի գործին ընթացք չեն տալիս, իսկ բռնարարին ազատ են թողնում շատ հեշտ ու հանգիստ, կարծես էդպես էլ պիտի լիներ:

Բնաբարությունների մեծ մասի պատճառը ուղղակի դաստիարակությունն է ու անգրագիտությունը: Ուղղակի մենք էնքան ենք իդեալականացրել «հայ ընտանիք»-ի մոդելը, որ չենք գիտակցում երեխաներին ճիշտ դաստիարակելու անհրաժեշտությունը, որ չենք գիտակցում, որ կարող են առհասարակ նման դեպքեր պատահել: Մեծ մասի պատճառն այն է, որ ծնողը երեխային էնպես չի դաստիարակում, որ իրենց մեջ փոխվստահություն լինի, որ երեխան իմանա, որ թև ու թիկունք կա, որ երեխան դեռ մանկուց ճանաչի իր մարմինը:

Մարդիկ իսկապե՞ս չեն գիտակցում սեռական կրթության կարևոր լինելը, թե խելամիտ լինելը վեր է «ամոթից», «ինչ կմտածեն»-ից ու առհասարակ զարգանալուց: Մայիսին աղմուկ հանած «Իմ մարմինն անձնական է» գիրքը դատապարտվեց հասարակության մեծամասնության կողմից՝ բնորոշվելով, թե գիրքը քարոզում է այլասերվածություն ու ուղղված է հայկական ավանդական ընտանիքի դեմ: Լավ, երբ ենք հասկանալու, որ «հայկական ավանդական ընտանիք» ասվածով անհնար է ապահով, անվտանգ ապրել, որ բանիմաց լինելը այլասերվածություն չի, որ սեքսը տաբու չի, որ սեռական կրթությունը անհրաժեշտ է, որ մարմինը ճանաչելը ամոթ չի, որ հայրիշխանությունը ճիշտ չի, որ բանակի մասին պաթոսախեղդ կարծիքը չափազանցված է, որ չի կարելի բռնաբարել ուղղակի արտաքին տեսքի համար, որ բռնությունն արդարացնելը հանցանք է, որ մարդկանց հույզերին չհավատալը անմտություն է, որ ոստիկանությունում վեթինգ անելը օրհասական է արդեն: