hovhannes ghulijanyan

Բանավեճից ճշմարտություն է ծնվում

Շուտով կրկին մեր դպրոցական բանավեճի խաղերից է լինելու։ Ընտրված թեման շատ հետաքրքիր է՝ «Դպրոցականների համազգեստները պարտադիր են», և ամենակարևորը՝ վիճելի: Դա մեզ թույլ կտա հետաքրքիր խաղ անցկացնել։

Ես ինքս մինչև հիմա չեմ կողմնորոշվում, թե ինչպիսին է իմ տեսակետը այս հարցի շուրջ, քանի որ երբ ինչ-որ ուղղությամբ մտածում եմ, հակառակը ևս միշտ գտնում եմ։ Օրինակ, եթե մտածենք, որ դրանք թանկ են, և ոչ բոլորին են հասանելի, կարող ենք դրան հակադրել նաև երեկ իմացածս տեղեկությունը՝ պետությունը համազգեստ է տրամադրում անապահով ընտանիքների երեխաներին։ Գրեթե ամեն մի պնդման կարողանում եմ «հակապնդում» գտնել, ինչն էլ ինձ վստահեցնում է, որ շատ հետաքրքիր խաղ է սպասվում։

Մի փոքր պատմեմ մեր մրցույթային խաղերից։ Ճիշտն ասած, պարտվեցինք մեր մարզային խաղում: Պարտության հետ ինքներս համաձայն էինք, քանի որ շատ ակնհայտ սխալներ արեցինք, որոնք էլ եղան պարտության պատճառը: Բայց պարտությունից հետո մի տեսակ ոգևորություն արթնացավ մեջս, որ պետք է անպայման հաջորդ խաղում հաղթենք, և դրա համար սկսել եմ էլ ավելի լուրջ մոտենալ բանավեճի ընկերական խաղերին։

Դե ինչ, մեզ հաջողություն մեր հետագա խաղերում։