Դրախտային դասարաններ

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

 -Ընկե՛ր Ավանյան, ես կարծում եմ, որ դրախտը հենց մեր դասարանում է եղել:

-Այդ ինչպե՞ս, Լիլիթ ջան։

-Դե, այս դասարանը այնքան տաք է, որ դրախտ է հիշեցնում,-ծիծաղելով ասացի ես։

Իմ դպրոցը Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցն է: Այստեղ սովորում եմ 6 տարեկանից և այժմ էլ շարունակում եմ սովորել: Դպրոցում կան այնպիսի դասարաններ, որտեղ դաս անելը շատ հաճելի է: Այդպիսի դասարաններից են` քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաները: Անգամ ցրտաշունչ ձմռանը, այս դասարաններ մտնելով, կարող ես պատկերացնել, թե ամառ է: Էլի կարոտեցի ամառը, լա՛վ, թողնենք ամառը և անցնենք առաջ…

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Դրախտային դասարանների դռները բացվում են մի միջանցքից, որտեղ նույնպես ամեն ինչ ոգեշնչող է և խրախուսող: Առջևում Անդրանիկ Օզանյանի կիսանդրն է, իսկ դիմացը շարված են բազմաթիվ ցուցափեղկեր, որոնց մեջ դրված են մեր գյուղի հերոսների նկարները և նրանց շքանշանները: Այդ միջանցքից բացվում են 3 մեծ դասարանների դռներ, դրանցից մեկն էլ ՆԶՊ-ի դասարանն է: Քիմիայի դասարանը մի հսկա դասարան է՝ լի քիմիական նյութերով և սարքավորումներով: Իսկ առջևում ծաղիկների մի այգի է: Մի հիասքանչ բնություն՝ լցված մաքուր օդով: Դե, պատկերացրե՛ք, այդքան ծաղիկներ և ինչքա՜ն թթվածին են արտադրում: Հրաշք է, չէ՞, մի դրախտ է այդ դասարանը:

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Այժմ անդրադառնամ ֆիզիկայի լաբորատորիային: Ֆիզիկայի դասասենյակում նույնպես թթվածնի պակաս չունենք, օդը մաքուր է և շատ տաք: Այս դասարան մտնելուն պես՝ բոլորս հարձակվում ենք ջրի վրա: Ընկեր Ավանյանը միշտ կատակով ասում է․

-Ինչքա՜ն շատ եք սիրում լաբորատորիայի ջուրը:

Եվ իսկապես՝ շատ համեղ և քաղցր ջուր է: Գալիս և նստում ենք պատուհանի կողմի շարքում և մի լավ կարմրում ենք տաքությունից: Այդ ջերմության տակ էլ վայելում դրախտային դասարանի հմայքը:

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Երբ զանգը հնչում է, դուրս ենք գալիս և գնում դեպի մեր դասարան, այս անգամ՝ հովանալու:

Հ.Գ․ Սիրելի՛ ընթերցող, եթե քեզ հետաքրքրեցին մեր դրախտային դասարանները, ապա արի Լիճք: Գրկաբաց կընդունենք: