Roza Harutyunyan vayots dzor

Բարև՛, ձմեռ, ես քեզ չէի սպասում

-Բարև ձմեռ, ես քեզ սպասո՞ւմ էի:

-Չէ:

-Բա քեզ ո՞վ խնդրեց, որ գաս:

Ձմեռը լռում է: Նա գիտի, որ ես իրեն չեմ սիրում: Նա գիտի, որ ես սիրում եմ Նոր տարին: Դե, ինքն էլ ինձ չի սիրում, երևի:

Ձմեռը լռում է:

Դե, ինչ արած, ձմեռն էլ է եղանակ: Ու ես շարունակում եմ ցրտից փայտացած դասի գնալ, շարունակում եմ չսիրել նրան: Ձմեռն իրեն վատ է զգում: Այսօր իմ ասածի պես մարդավարի ձյուն եկավ: Տեսնում եմ ձյունը, ու ինձ լավ եմ զգում: Լավ եմ զգում, որովհետև կարծում եմ, թե իմ ասելուց հետո եկավ: Ձյունը սկսեց գալ ու հասկացա, որ բոլորի տանն էլ պատուհաններ կան: Ինչ կապ ունե՞ր: «Վայ, էրեխեք ձյուն ա գալի»,- կարդացի անգլերեն տառերով հայերեն գրված կամ էլ հայերեն տառերով ոչ էդքան հայերեն գրված մեկնաբանությունները, ստատուսները… Ու մի հարյուր մեկնաբանությամբ ուղեկցվող ստատուս «Շնորհավոր երկրորդ դզյունը», «Մեռսի էռեխեք, ձերն էլ»: Ու մարդ ակամայից կարող է մտածել. իրո՞ք այդքան զարմացած են, թե՞ ձև են անում: Էս դեպքերում պապիկս կասեր «Աստված բեթարեն ազատի»:

-Ստատուսս տեսել ե՞ս, մի հատ լայքի էլի:

-Հա, իմացա, որ ձյուն էր եկել:

Այ, դրա համար էլ չեմ սիրում ձմեռը, բայց դե գիտեմ, որ ձմեռը մեղավոր չի: Այդ ստատուս գրողներից մեկն էլ կգրի. «Երեխեք ձմեռն եկավ, պապաս էլ եկավ խոպանի հանրապետությունից»:

Հ.Գ. Բոլոր խոպանի հանրապետությունից վերադարձողներին բարի վերադարձ, իսկ ես մեկ է, ձմեռը չեմ սիրում: