melsida malkhasyan

Մենք քեզ սպասում էի՞նք, որ եկար

Այսօր արթնացա ու տեսա անսպասելին. մեր գյուղը հագել է «ճերմակ զգեստ»: Ձյունը ծածկել է ամբողջ գյուղը: Ոմանք ուրախ էին, ոմանք` տխուր: Գյուղի բոլոր մարդիկ մտահոգ էին, քանի որ ոչ բոլորն էին վերջացրել գյուղատնտեսական աշխատանքները: Տատիկս նայում էր դուրս և տխուր հայացքը հառելով ձյանը ասում:

-Մենք քեզ սպասո՞ւմ էինք, որ եկար: Բա ժողովուրդը մեղքը չե՞ն՝  կարտոլը մնաց, մրգերը ցուրտը տարավ:

Լուսանկարը` Մելսիդա Մալխասյանի

Լուսանկարը` Մելսիդա Մալխասյանի

Դեռ այսպիսի դեպք չէր եղել մեր գյուղում: Ո՞վ է տեսել կանաչ տերևի վրա ձյան հաստ շերտ:
Երեկ երբ ձյուն էր գալիս, շատ ուրախացա, բայց այսօր տեսնելով ձյան ծանրությունից «խոնարհ հարսի» պես գլուխները կախ ծառերը, արդեն հասկացա, որ վիճակը այդքան էլ լավ չէ:
Դուրս գալով տնից տեսա, որ բոլորը շփոթված այս ու այն կողմ են վազում` բահերը ձեռքները: Մի քիչ առաջանալով տեսա մյուսներին` դույլերը ձեռքները: Մեկը բահով ձյուն է մաքրում, մեկը մրգեր է քաղում, և այդ ամենը անում են շնչակտուր:

Լուսանկարը` Մելսիդա Մալխասյանի

Լուսանկարը` Մելսիդա Մալխասյանի

Տեսա տատիկիս, ով արագ-արագ խնձոր էր քաղում, մոտեցա և հարցրեցի.
-Տատ, ինչի՞ ես էսպես խառնվել իրար: Խնձորը հաստատ չի փախչի:
-Բա որ փախչի՞: Ցուրտը տարավ: Էսքան չարչարվել ենք, բա ջո՞ւրը գցենք:
Ուզում էի մի քիչ էլ նայել, բայց ցուրտ էր, արագ եկա տուն: Խեղճ տատս էս ցրտին խնձորն է փրկում:

Լուսանկարը` Մելսիդա Մալխասյանի

Լուսանկարը` Մելսիդա Մալխասյանի

Էհ, չգիտակցելով այս ամենը, երեխաներն ուրախ են, ես էլ, քանի որ սիրում եմ ձյունը, ձնագնդին, ձյան մեջ իրար հետևից ճչալով վազող երեխաներին, դպրոցից տուն գալուց վախի զգացումը, թե` երբ են մի ձնագնդի գլխիդ տալու, ձնեմարդ պատրաստելու համար որոնվող գազարը, և այս ամենի մեջ եղած երջանկությունը զգալով, ուզում եմ, որ ձմեռը չվերջանա: