Ani avetisyan

Բաց կապույտ ծաղիկների առավոտը

Աշխարհը ճիշտ է, մենք ենք սխալ ապրում:

Իսկ ինչո՞ւ է արևն ամեն անգամ նույն տեղից արթնանում, ինչո՞ւ ենք մենք հենց այն արևելք կոչել: Լավ չէ՞ր լինի, եթե հակառակ կողմից դուրս գար արևը, մենք էլ գուցե չասեինք, թե երկիրը հակառակ է պտտվում: Գուցե մտածեինք, որ եթե այդպես է, ուրեմն այդպես էլ պետք է: Կան բաներ, որոնք մենք չէ, որ պիտի փոխենք: Արևը քեզ հակառա՞կ է, շրջվիր ու հակառակ կողմով քայլիր, մի՞թե ավելի հարմար չէ, քան համոզել արևին, որ ուրիշ կողմից ծագի:

Վերջերս Սարոյանի հերոսի մասին հաճախ եմ մտածում: Տեսնես՝ հեղինակը գիտե՞ր, որ իր խոսքերն անմահ պիտի մնան: Երբ ասում էր, որ աշխարհում ինչ-որ բան սխալ է, գիտե՞ր, որ այդ սխալն անգամ տարիներ հետո ուղղել չի լինելու: Գիտե՞ր, որ իր ու Մովսես Գորգիսյանի հայտնի խոսքերը արդիականությունը չէին կորցնելու:

Գորգիսյանն ասում էր. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», իսկ ես, որքան էլ մտածում եմ, չեմ կարողանում հասկանալ, թե որ վաղվա մասին էր ասում հերոսը: Կարծում էի, թե այդ վաղը մեր այսօրն է, բայց մինչ օրս, ասես ինքներս մեզ արդարացնելու համար, անընդհատ, ամեն հնարավոր ու անհնար առիթի դեպքում կրկնում ենք այդ խոսքերը: Մեկ-մեկ էլ թվում է, թե ուղղակի ուզում են բեռը ապագա սերնդի վրա թողնել: Մեր սերնդի, երևի: Երևի մենք պիտի ասենք՝ կեցցե այսօրվա Հայաստանը: Իսկ աշխարհը սխալ չի լինի, եթե մեր վաղը, երեկն ու այսօրը  չխառնվեն իրար:

Հա, Սարոյանից էի խոսում: Ջոննին երեխա էր, բայց նրա շուրթերով հեղինակը մեծերի համար անլուծելի մի հանելուկ թողեց: Աշխարհում ինչ-որ բան սխա՞լ է, իսկ ի՞նչը: Սարոյանը ոչինչ չասաց: Չասաց, թե ինչն էր սխալը: Ջոննին ասում էր, որ ինքն անուններ չի տալիս, իսկ մենք այսօր շատ անուններ տալիս ենք, բայց, մեկ է, չենք գտնում, թե որն է այդ սխալը: Սկսել եմ մտածել, որ ոչ մի սխալ էլ չկա, որ Սարոյանի հերոսն է սխալվել, կամ չի սխալվել, ուղղակի ուրիշ բան նկատի ուներ, իսկ մենք սխալ ենք հասկացել: Չէ՞ր կարող արդյոք այդ սխալը մարդը լինել: Կարող էր, չէ՞:

Բայց՝ չէ: Աշխարհում սխալները շատ են: Այդպես է, չէ՞: Սխալ է ամեն ինչ, բայց ոչ մենք: Ախր մենք՝ ամենակարող ու ամենազոր մարդիկս, սխալ լինել չենք կարող: Արևը սխալ կողմից կծագի, բայց մարդը հակառակ չի արթնանա: Անհնար է:

Բայց, երեկ էլ, վաղն էլ, մյուս օրն էլ արևը նույն կողմից կծագի, գնա աշխարհի մյուս ծայրը, արևն էլ քեզ հետ կպտտվի ու նույն տեղից դուրս կգա:

Երեկ էլ, վաղն էլ, մյուս օրն էլ արևը սխալ կլինի, իսկ մենք՝ ճիշտ: Մենք կպեղենք, կգտնենք հազար ու մի պատճառ, որ արևը ամենևին էլ արևելքից չպիտի ծագի, կամ այդ կողմը չէ, որ պիտի արևելք կոչենք: Երեկ էլ, վաղն էլ, մյուս օրն էլ մենք պատճառ կգտնենք չսխալվելու, իսկ արևն արդարանալ չի կարող:

Որովհետև աշխարհում ամենակարևորը մենք ենք:

Քո երկար ու դժվար օրերում երբևէ նկատե՞լ ես նրան, ով անընդհատ երկնքին է նայում: Չէ, Թորիկին չէ: Նրան, որ դասարանում երևի կողքիդ է նստել: Իսկ գիտեի՞ր, որ «Կտոր մը երկինք» ֆիլմը «Բաց կապույտ ծաղիկներ» վերնագրով գրքի հիման վրա է նկարվել: Չգիտեմ, թե ֆիլմը նկարողներն ինչու են այն այդպես կոչել, բայց գիտեմ, որ բաց կապույտ ծաղիկներն էլ մի կտոր երկինք են գորշ դարչնագույնի վրա:

Մենք աջ ու ձախ տրորում ենք մեր ոտքերի տակի երկինքը, իսկ ինչ-որ մեկը՝ նա, ով դասարանում երևի մեր կողքին է նստել, երկնքին նայելով՝ հենց այնտեղ գտնում է այդ կապույտ ծաղիկները: Իսկ առանց կապույտի աշխարհը երևի մի քիչ սխալ կլիներ:

Իսկ այնքան համբերություն ունեցե՞լ ես, որ կանգնես ու նայես նոր ծաղկող ծառին: Տեսե՞լ ես, թե ինչպես է բացվում նրա ամեն մի ծաղիկը: Գուցե չհավատաս, բայց դեռ չեմ կարդացել այնպիսի գիրք, որում առավելագույնս իրական նկարագրվի այդ պահը: Իսկ եթե դու կարդացել ես, ասա, խնդրում եմ: Այդ գրքում աշխարհը հաստատ ճիշտ կլինի:

Դեռ այնպիսի գիրք էլ չեմ կարդացել, որում աշխարհն էլ իրական պատկերվի: Զոհրապի «Կյանքն ինչպես որ է» շարքն էլ միայն մի երեսն է իրականի: Աշխարհն իրականում այնքան վատը չէ, որքան ռեալիստներն են ներկայացնում, և ոչ էլ այնքան լավն է, որքան ռոմանտիկներն են պատկերում: Միջին մի վիճակ կա, որը երևի հենց ես ու դու ենք, և նա, ով միշտ երկնքին էր նայում: Իսկ թե ինչ է փնտրել կամ փնտրում այնտեղ՝ ոչ ոքի չի ասում: Գիտե՞ս, Երկրի կապույտն էլ մեծ տիեզերքում երևի բաց-բաց կապույտ ծաղկի է նման: Տեսնես ինչ-որ մեկն այնտեղ էլ մեզ պես տրորո՞ւմ է կապույտ ծաղիկները: Չէ, հաստատ չէ:

Իսկ մեր աշխարհի սխալը հենց ես ու դու ենք, ու գիտե՞ս՝ ինչո՞ւ: Մենք երբեք փողոցով քայլելիս նրա պես երկնքին չենք նայել ու ոչ էլ խնայել ենք մեր ոտքերի տակ ընկնող ծաղիկները: Մենք տրորել ենք թե՛ նրան, թե՛ երկնքի կապույտը: Իսկ աշխարհի ամենամեծ ճիշտը հենց այդ կապույտի մաքրությունն է, աշխարհի ճիշտը մեր ոտքերի տալ գցել-տրորում ենք ու հետո բողոքում: Գիտե՞ս, աշխարհն այնքան ժամանակ սխալ կմնա, քանի դեռ մեր ոտքերի տակ նայելու փոխարեն ուրիշի՝ ծանոթ-անծանոթների պատուհաններից ենք ներս նայելու: Հա, գիտեմ, գիտեմ, որ գուցե էնտեղ ինչ-որ մեկի հայացքն ես փնտրել: Գտել ես գուցե, գուցե վարագույրի շղարշով ծածկված մի թեթև ժպիտ է խաղացել նրա շուրթերին, բայց տեսե՞լ ես, թե երանության պահին քանի փոքրիկ ծաղիկ ես կոշիկներիդ ներբաններով խառնել գորշ դարչնագույնին:

Իսկ աշխարհը սխալ չի, աշխարհի սխալը հենց մենք ենք՝ ես ու դու: