nelli grigoryan

Բերձորն իմն էր, ես՝ Բերձորինը

Վերջին տարիներին սկսել էի Բերձորն ամուր պատանեկական սիրով սիրել: Բերձորն իմն էր դարձել, ես՝ իրենը: Ու մինչև վերջին պահը, արմատներս հողին ամրացրած, ես Բերձորում էի: Եթե ոչ ես, ապա սիրտս Բերձորինն էր, միտքս ու ուղեղս միայն Բերձորն էին: Բերձորն արդեն իմ երազանքների քաղաքն էր դարձել: Միգուցե ես էլ իր երազանքների պատանի բնակիչն էի դարձե՞լ: Այդ արդեն այժմ չգիտեմ, չհասցրի հարցնել… Չհասցրի:

Ես շատ բան չհասցրի: Ես չհասցրի հրաժեշտ տալ հող ու ջրիս, ես չհասցրի վերջին անգամ տանս նայել, որովհետև վստահ էի՝ սա հրաժեշտ չէ:

Ես չհասցրի հավաքել հիշողություններս ու ճամպրուկումս տեղավորել: Մարմինս անզգայացել էր, հոգիս ցավից լռել, միտքս՝ բթացել: Միայն հետո ես հասկացա՝ ինչ եմ կորցրել. տուն, ընկերներ, հայրենիք… Եվ այս ամենը ես գուցե փուչ համարեի, եթե հայրենիքս չլիներ: Ես գուցե կարողանայի ներել ճակատագրին, եթե հայրենիքս չլիներ:

Իսկապես, հայրենիք կորցնելը սարսափելի բան է, ավելի սարսափելի, քան քո տեսած բոլոր սարսափ ֆիլմերն ու դրանցից եկած այդ դատարկ զգացումները: Հիմա ես ոչինչ չեմ զգում, որովհետև զգացմունքներս Արցախում մնացին:

Հիմա ես էլ ոչ մի տուն, ոչ մի դպրոց, ոչ մի դասարան, ոչ մի արև ու ոչ մի երկինք չեմ ընդունում, որովհետև իմն Արցախում է: Ու քանի տարի էլ անցնի, ինձ հասնող արևի մեջ ես Արցախն եմ տեսնելու, երազներիս մեջ Արցախում եմ լինելու ու լուրթ երկնքի պարզության մեջ ես իմ խաղաղ երկիրն եմ տեսնելու:

Եվ վստահ եմ՝ մի օր էլ, ինչպես առաջին անգամ, ես քաղաքիս գիրկն եմ վազելու՝ մանկացած, ու արցունքոտ աչքերով ծածանվող Հայոց Եռագույնն եմ տեսնելու: