«Բոլոր մեքենաները դուրս էին գալիս, իսկ մենք հակառակը՝ առաջ էինք գնում»

Ֆոտոլրագրողի օրագրից․ Արամ Ներսեսյան

27. 09. 2020

Այսօր կիրակի է, բայց աշխատում էի։ Մայրս է զանգում ու հարցնում, արդյոք գիտե՞մ, որ Արցախում կռիվ է․ ասացի` չէ․․․

Երեկոյան ժամը 6-ին հասանք Ստեփանակերտ։ Լաչինի հատվածում բոլոր մեքենաները դուրս էին գալիս, իսկ մենք հակառակը՝ առաջ էինք գնում։ Քաղաքը մթության մեջ էր։ Ստեփանակերտում ռմբակոծություն չկար։ Տեղավորվեցինք մի փոքր հյուրանոցում՝ տեղեկատվական շտաբին մոտ։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ասուլիս էր տալիս, գնացինք հասկանալու, թե ինչ է կատարվում։ Գիշերը շչակները միացան, բայց մենք հանգիստ ենք, վախ չունենք։ Դեռ որևէ պայթյունի ականատես չենք եղել, վտանգը չենք հասկանում։

28. 09. 2020 Մարտունի

Որոշում էինք՝ ուր գնալ։ Գնացինք Մարտունի, բայց քաղաքը գրեթե դատարկ էր՝ մարդիկ քիչ էին, այն էլ՝ հիմնականում տարիքով մեծեր։ Նրանք մեզ ուղեկցում էին դեպի քանդված ու վնասված տարածքներ և այդ ընթացքում ուժեղ ձայն լսեցինք․ անօդաչու թռչող սարք էր։ Մարմնով անցող թեթև դող զգացի․․․ Այն դեռ երկար մնաց մեր գլխավերևում։ Մեկուկես ժամ հետո պարզ դարձավ, որ մեր տղաները խոցել էին այդ անօդաչուն։

Մարտունիում հանդիպեցինք քաղաքապետին, խոսեցինք եղած վնասներից։ Վերադարձանք Ստեփանակերտ։ Անելիք չունենք, սպասում ենք։

Պատերազմի առաջին օրերն են, մեզ չեն թողնում դիրքեր բարձրանալ, ասում են վտանգավոր է։ Այստեղ միայն մասնակցում ենք մամուլի ասուլիսների և մեզ տանում են լուսանկարելու մոտակայքում տեղի ունեցած հարվածների հետքերը, քանդված ու վնասված շինությունները։ Միայն դա է կարելի նկարել։

09. 10. 2020 Մարտակերտ

Պաշտպանիչ բաճկոնը հագիս, սաղավարտը դրած՝ մեքենայի ղեկին եմ։ Մարտակերտ ենք ուղևորվում։ Ճիշտ է տեղում վտանգավոր է, բայց պայմանավորվել ենք հանդիպել սիրիաահայ մի ֆիդայու հետ։

Աղդամի ճանապարհին ենք, սուլող ձայն եկավ։ Մեքենայից քսան մետր այն կողմ ծուխ է բարձրանում․ թիրախը մենք էինք, բայց վրիպեցին։ Որոշ ժամանակ անցավ ու էլի շատ ուժեղ սուլող ձայն․ ռումբ էր։ Պատսպարվեցինք, սպասում էինք պայթյունի ձայնի, բայց այն այդպես էլ չհնչեց։ Բախտներս բերել էր։ Վախ չէի զգում, այլ հակառակը՝ կատակում էի։ Այդպիսի պահերին զարմանում եմ, թե ինչպես է կառուցված մարդու հոգեբանությունը։ Վտանգի ժամանակ ակամայից հումոր ես անում՝ երևի ինչ-որ պաշտպանական ռեակցիա է, որը թեթևացնում է տագնապը։

Այստեղ մնալ էլ պետք չէ, պայթյունների ձայները չեն դադարում։ Նստեցինք մեքենան, շարժվեցինք։ Պայթյուն ձախ կողմում, ապա՝ աջից, հետո նորից մեկը։ Մենք նշանառության տակ էինք։

Հաջորդ օրերին շչակներն ուղղակի չեն լռում։ Քնում ենք հագուստով, կոշիկները հագներիս, իրերը՝ դռան մոտ։

Հարվածել են Մարտակերտի զինվորական հոսպիտալին։ Ծուխ էր․ վառված մեքենաներ են, քանդված պահակակետ, շուրջբոլորը վազքի մեջ գտնվող մարդիկ։ Գործն անհրաժեշտ էր արագ անել։ Հիվանդանոցում չափից շատ մութ էր։ Փորձում էի մտնել անցակետից ներս։ Լապտերով լույս գցեցի և տեսա սարսափելին․․․ Դողում էի, նկարել պետք չէր։

17. 10. 2020 Եղնիկներ

Սարեր, ձորեր, քարքարոտ թեքություններ, գետ․ գնում ենք Եղնիկների դիրքեր։ Մինչև դիրքեր հասնելը տեսանք փոքր զորամաս։ Զինվորները սնունդ էին բեռնում մեքենայի մեջ։ Այդտեղ մեզ խնդրեցին մի իր հասցնել դիրք, համաձայնեցինք։ Կռիվ էր, բայց տղաները ասել-խոսելով իրենց գործն էին անում։ Մենք փորձում էինք այնպիսի տեղ կանգնել, որ անվտանգ լիներ։ Սպաներից մեկն առաջարկեց սպասել մեքենաների թաքստոցում, կատակեց, ասելով, որ այդտեղ մի քիչ վտանգավոր չէ։ Բայց գիտենք, չէ, որ ամենուր էլ վտանգ կա։

Հասանք մի զորամաս, որն ամբողջովին մոխրացած էր։ Այդ վառվածի ներսում նստած էր Եղնիկների հայտնի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը) իր անձնակազմի հետ միասին։ Արդեն խոցված տեղը փոքր-ինչ անվտանգ էր դարձել․ թշնամին կմտածեր, որ այդ այրված զորամասում էլ ոչ ոք չկա։ Քյոխին համոզում եմ իրեն լուսանկարել։ Չցանկացավ, ասաց վերջում, երբ ամեն բան ավարտվի` գամ ու ինչքան ուզեմ նկարեմ։

Մեզ ուղեկցեցին դիրքեր՝ զինվորների մոտ։ Տղերքն ուրախ էին, որ նոր մարդիկ էին եկել իրենց տեսնելու։ Նրանք պատերազմի սկզբից ի վեր ընտանիքների հետ չէին խոսել։ Մեզանից էին հարցնում, թե ինչպես է իրավիճակը։ Սկսեցի զինվորներին լուսանկարել՝ բոլորին անխտիր։ Նրանք շատ ուրախացան, որովհետև մեր հրապարակած նկարներում հարազատները կարող էին իրենց տեսնել։

Այդ ընթացքում Եղնիկներում հանգիստ էր, կրակոցներ չկային, դրա համար էլ մեզ թույլ էին տվել գնալ։

Հրապարակում ենք զինվորների լուսանկարները։ Զանգերն ու հաղորդագրությունները չեն դադարում։ Նրանց հարազատները նույնիսկ ցանկություն են հայտնում ինձ տեսնելու։ Ոմանք իմ արած նկարներով էին իմացել, որ իրենց որդին լավ է։ Ուրախ եմ, որ գոնե ինչ-որ լավ բան կարողացա անել։

23. 10. 2020 Հադրութ

Երկար համոզումներից հետո կարողացանք մտնել Հադրութ։ Խոսեցինք տեղի քաղաքապետի հետ, այցելեցինք գյուղեր։

10. 11. 2020 Քարվաճառ

Կրկին նույն պատկերն է․ քաղաքից հեռացող երկար ավտոշարասյուն, իսկ մենք հակառակը՝ առաջ ենք գնում։ Այցելում ենք Դադիվանք, որը լուսանկարում եմ մտածելով, որ վերջին անգամն է։ Քարվաճառում մարդիկ կային, ովքեր այրում էին իրենց տները։ Իմացանք, որ հանձնումը տասն օր հետաձգեցին։

Աղդամի վերջին օրն էր։ Բարձրացանք պարսկական մի մզկիթի գագաթը, որպեսզի վերևից լուսանկարենք ամբողջ տեսարանը։ Մի քանի օր հետո տեսնում եմ, որ նույն իմ կանգնած տեղում այժմ Ադրբեջանի նախագահն է կանգնած։

Հետ վերադարձանք Ստեփանակերտ։ Քաղաքն էլի մթության մեջ է։ Այստեղ նկարում ենք իրավիճակը պատերազմից հետո՝ ռուս խաղաղապահների ժամանումը, առաջին փախստականների տուն վերադարձը։

12. 11. 2020 Շուշի

Ամեն քայլափոխի պայթած մեքենաներ են, գետնին թափված համազգեստներ, զենքեր, փամփուշտներ, ականներ, մի խոսքով՝ պատերազմի մնացորդներ։ Շուշիի խաչմերուկում ճանապարհը փակ էր, ոտքով շարունակեցինք։ Խիստ ծանր էր այստեղ տեսածս մթնոլորտը։ Շուշիի ցուցանակը հանված էր, տեղում ադրբեջանական դրոշ էր։ Դա ամենաշատն էր ազդել ինձ վրա։

Լուսանկարում էինք Լաչինի միջանցքի բացումը։ Տեղում ռուս լրագրողներ էին, ադրբեջանցի զինվորականներ ու ես։ Հայկական պետհամարանիշներով մեքենայի վրա ադրբեջանցիները դիտմամբ բացել էին Արցախի քարտեզն ու իրար մեջ խոսում էին։