elizabet harutyunyan exvard

Բու, էլի քայլում եմ

Քայլ առ քայլ մոտենում եմ քեզ։ Իմ ընկերները անշունչ են, ոչնի՞նչ։ Թուղթ, գրիչ, որ գրեմ՝ ինչ եմ զգում, ախր, ասելն անհնար է, ոչ ոքի չի հետաքրքրում այն, ինչը դու ես ուզում ասել: Բոլորն ուզում են, որ դու ասես լոկ այն, ինչ իրենք են ուզում լսել։ Դրա համար ես ուղղակի կլռեմ ու կգրեմ, նրանք ովքեր կուզենան լսել ինձ, թո՛ղ կարդան։ Թուղթ, մատիտ, որ նկարեմ. ես երբ հիասթափված եմ, նկարում եմ։ Հեռախոս, ականջակալ, որ կտրվեմ էս աշխարհից։ Որ չլսեմ այն, ինչն ինձ ստիպելու է մատիտը ձեռքս վերցնել։

Հա,  քայլում եմ. մեկ, երկու, երեք… Մի քանի քայլ արել եմ դեպի քեզ, դեռ շատ կա, բայց քիչ մնաց։ Սպասո՞ւմ ես ինձ, իմ աղջիկ, թե՞ դեռ լեզու չես առել։ Դեռ անունդ էլ չգիտեմ, կարծեմ դեռ չես էլ ծնվել, բայց անունդ Էրլին կդնեմ։
Անհասկանալի՞ է, լավ սկսեմ սկզբից։ Դուք գիտե՞ք մանկատունն ինչ բան է։ Դա մի վայր է, որտեղ օթևանում են անտուն երեխաները։ Դու հիմա տանն ես, չէ՞, կամ էլ գիտես, որ տեղ ունես վերադառնալու, ուր քեզ սպասում են։ Իսկ նրանց չեն սպասում։ Պատկերացրեցի՞ր: Հա, շատ դժվար է պատկերացնելը, բայց դու փորձիր։ Ես տեսել եմ այդպիսի երեխաների։ Նրանք չեն տարբերվում քեզանից, ունեն երկու ոտք, ձեռք, քիթ, աչքեր, ականջներ, բայց դրա հետ մեկտեղ տանջվում են։ Ինչի՞ց: Սիրո պակասից։ Ամեն մեկը մտածում է. «Ինչո՞ւ հենց ես»։
Մի բան ասեմ՝ չզարմանաք։ Աստված գիտի ինչ է անում։ Հավատո՞ւմ եք հրաշքների։ Իսկ ես՝ այո՛, ինձ հետ շատ անգամներ են հրաշքներ կատարվել, ու ձեզ հետ նույնպես։ Ուզո՞ւմ եք պարզաբանեմ սկզբի գրածներս։ Ես էլ հրաշք կգործեմ, մանկատան մի մանկանը իմը կդարձնեմ։ Երևի ամեն կարդացող, եթե մանկատան մեկ երեխայի որդեգրի, մանկատները կդատարկվեն, և կշատանան  ժպիտները։

Իսկ դու ի՞նչ ես մտածում, մի փոքրիկի էլ դու չե՞ս ցանկանում երջանկացնել։