Ani Ghulinyan

Ինչպես սիրել գրականությունը

Արտասահմանյան գրողների մասին միշտ ծավալուն գրականություն է լինում: Բայց ոչ միշտ հայերենով: Իմանում ենք նրանց ապրելակերպն ու մտածելակերպը, թե ինչ հանգամանքների բերումով են գրել իրենց այս կամ այն գործը: Երբ գիտես ստեղծագործության ստեղծման ողջ պատմությունը, այն ավելի հետաքրքիր է դառնում:

Նույնը չի կարելի ասել հայ հեղինակների մասին: Գրականության դասագրքերում գրում են հեղինակի մահվան ու ծննդյան թվականները, թե երբ է ընդունվել համալսարան, ավարտել այն, անցել գործի, ընտանիք կազմել, ինչ գործեր ունի գրած:Եվ որպես ընդհանուր բնութագիր նշվում է, որ եղել է հայրենասեր:
Այս ամիս նշվում էր Չարենցի 120-ամյակը: Մինչև վերջերս Չարենցը ինձ համար միայն հազար դրամանոցի հետևին պատկերված մարդ էր, որի ամենահայտնի գործը «Ես իմ անուշ Հայաստանի»-ն է ու էլի , որոշ կենսագրական տվյալներ: Նրա ծննդյան օրը ցուցադրեցին «Չարենց. մի ճրագ մթում» փաստագրական ֆիլմը, որը բավականին հետաքրքիր մանրամասներ է բացահայտում նրա ստեղծագործական և անձնական կյանքի, արատների ու հանճարի մասին:

Երևի քչերը գիտեին, որ Չարենցը առաջին անգամ բանտ է ընկել աղջկա հետ կապված գրազի պատճառով, կախվածություն է ունեցել մորֆինից, սովետական երկաթյա վարագույրը բացելով անցել է Եվրոպա ու այնտեղ բավականին հետաքրքիր կյանք վարել, մահացել է հոգեկան ու ֆիզիկական տանջանքների մեջ, և այլն:
Ու երբ իմանում ես, որ իր ամենահայտնի ստեղծագործությունը գրելիս Չարենցը Թումանյանի «Մարոն» կարդալով է ոգեշնչվել, երբ իմանում ես, որ նա ունեցել է յուրահատուկ, բոլորից տարբերվող իր հայրենասիրության տեսակը, երբ իմանում ես, որ նա շատ հայ գրողների նման խեղճ ու կրակ կյանք չի վարել՝ միայն թե ուրիշներին վատություն չանի, այլ եղել է ըմբոստ, հպարտ ու բռնկուն, ձյունապատ լեռները դառնում են հարազատ, մթում կորած խրճիթները `լուավոր, անուշ Հայաստանն էլ` անփոխարինելի:
Ու այսպես քանի-քանի գրողներ կան, որ աշակերտների հուշերում այդպես էլ մնում են այնպիսին, ինչպիսին գրքում է գրած: Ու եթե բոլոր հայ մտավորականների մասին այնպիսի հաջողված փաստագրական ֆիլմեր նկարեին, ինպիսին Չարենցինն է, գուցե հայ գրականությունը մյուսներից ավելի սիրվեր հայ երեխաների կողմից: