nina baghoyan portret

Գիշերային խառը մտքեր

Կարելի է ժամերով, անվերջ նստել մի անկյունում ու վայելել գիշերային անծայրածիր, մի քիչ մռայլ երկնային այս հրաշք տեսարանը: Ակնդետ նայել լուսնին, որը մխրճված է մուգ ամպերի հետևում, սակայն չի դադարում լուսավորել երկինքն ու երկիրը, զգալ գիշերվա անուշ հոտը ու մտքերով գնալ հեռուները: Կտրվել առօրյա անցուդարձից, անհանգիստ վիճակից, խորը շունչ քաշել ու զգալ ամառային այս պաղ օդը:

Չէր խանգարի ունենալ առանձին մի փոքրիկ ու ջերմ անկյուն, որը միայն իմը կլիներ: Վառեի կողքիս դրված լուսամփոփը, վերցնեի մի հրաշք գիրք ու հեքիաթային զգացողություններով, ժամերով ընթերցեի այն: Հանգստանալու և դադար տալու նպատակով նայեի երկնքին ու մի գավաթ թեյ կամ սուրճ ըմպեի ու նորից շարունակեի անվերջ ընթերցել:

Կյանքն ուղղակի հրաշալի պարգև է՝ տրված Աստծո կողմից: Մենք կանք ու ապրում ենք լավ կամ վատ պայմաններում. կարծում եմ դա այնքան էական չէ, որքան այն, որ մենք պիտի ստեղծենք գեղեցիկը մեր կյանքում ու վայելենք այն:

Գիշերն այնքան երազային է, անուշ ու գեղեցիկ, որ ակամա ծնվում են բազում մտքեր, որոնք մեկը մյուսին հերթ չտալով՝ ուղեղումդ խառնաշփոթ են առաջացնում: Ուզում եմ գրի առնել բոլոր մտքերս, սակայն դրանք այնքան շատ են, որ մինչ մի քանիսը գրում եմ, մյուսներն ակնթարթորեն մոռացվում են:

Կարելի է ուղղակի վայելել գիշերային ակնթարթները, այն հրաշք վայրկյանները, որ գալիս ու գնում են ամեն վառվող ու վայր ընկնող աստղի հետ և զգալ այն բնական գեղեցկությունը, որ տրված է ի վերուստ: