lilit grigoryan

Ինչ ուզում են՝ թող ասեն, մեկ է

«Կարծրատիպ է. եթե աղջիկ ես, ի՞նչ կարճ մազեր: Ինչ-որ մեկը, երբ ուզում էր նորաձև մի բան անել, դիտվում էր որպես «շատ ազատ» աղջիկ, որին ոչ ոքի կարծիքը չի հետաքրքրում: Բայց էդ, ինչ-որ մեկն ունի իր սեփական ու տարօրինակ աշխարհը: Երբ մեր գյուղում դու սկսում ես տարբերվել կամ այլ կերպ ես մտածում, դա նորմալ չի ընդունվում, անգամ դպրոցում էդպիսի խմբեր կան ձևավորված, որ սկսում են իրենց քննադատությունը: Սկսում են քո մասին վատ բաներ խոսել, տարածել, քեզ կոտրում են, հետ կանգնեցնում քո որոշումներից, նպատակներից: Բայց մեկ էլ մտածում ես, որ պիտի անես այն, ինչ ուզում ես, ուշադրություն չդարձնես նման բաների, քո կյանքն ապրես ու ոչ մեկից էլ չկառչես: Բայց մեկ էլ մի ժամանակ է գալիս, որ հոգնում ես բոլորից այն պատճառով, որ բոլորն իրար նման են, նույնն են, ձանձրալի կյանքով են ապրում, նույն դեմքերը, նույն քայլերը: Էս ամենը քեզ ուղղակի խեղդում է, որովհետև նորություն ես ուզում, ուզում ես հավես բաներով զբաղվել, ոճդ փոխել:

Էդպես մի օր որոշեցի մազերս կտրել: Կտրեցի: Սկսեցին քննադատել ինձ, ճնշել: Նեղվում էի, որ փողոցով քայլելիս ինձ տարօրինակ էին նայում: Իմ մասին իմ մազերով էին կարծիք կազմում: Բայց ես հավես ընկերներ ունեի, որոնք միշտ կողքիս էին, ինձ շատ էին սիրում: Սա ինձ հնարավորություն տվեց իմ մեջ ուժ գտնելու ու առաջ գնալու: Նրանք անգամ իրենց մազերն էին կտրում, որ ես ինձ վատ չզգամ: Ես սթափվեցի:
Ես տարբերվում եմ մեր գյուղում ապրող մնացած մարդկանցից: Ուղղակի՝ սանրվածքով: Ես ոչ մի վատ բան չեմ արել: Ես կոտրել եմ կարծրատիպ, չնայած այն սկզբում ավելի ուժեղ կոտրեց ինձ»:

Սա ընկերուհուս պատմությունն էր: Ես երբեք չեմ թողնի նրան, միշտ կողքին կմնամ, որովհետև ես իմ շրջապատում ունեմ առավել քան ուժեղ մարդ, բոլորից տարբերվող և՛ արտաքինով, և՛ ներքինով: Թող կորչեն քննադատողները, որովհետև նրանք կյանքի իմաստը ընկալելու և այն ուղղակի ապրելու հետ խնդիրներ ունեն: Իսկ մենք՝ չէ: