Գյուղացի շներն ու Բիմը

Գյուղերում շները չեն կորչում զբոսանքի ժամանակ, զբոսանքի մենակ են գնում, երբ ուզում են, ու անգիր գիտեն բոլոր ճանապարհները հետ գալու:

Գյուղերում շները մի քիչ բրուտալ են, մի քիչ առանց թիթիզությունների, ու տերերին ուրախացնելուց բացի սեփական գործն ունեն հայաթում: Գյուղերում շները «աշխատանքով տունն են պահում»:

Հուլիսի ամենասիրուն օրերից մեկին  երեք տարի առաջ  Ճամբարակի սակավ արևի տակ  նստած, հայացքով դեպի արևը  կլանված, զբաղված էի  մեկ շնչին ընկնող հաշված ճառագայթները ընկալելով, մինչև դարպասի չխկոցի հետ նկատեցի Սուրոյին, ձեռքին սպիտակ բրդի գունդ:
-Շուն եմ բերել, ոնց որ սեթերի խառնուրդ ա:
Ամբողջությամբ սպիտակ շան ձագ, սև ականջով,  փափուկ,  ու արդեն մարդամոտ:
- «Белый Бим Черное ухо» (Սպիտակ Բիմ սև ականջ) կինոն տեսնող եղե՞լ ա, ինքն  ա որ կա, ուրիշ անուն պետք չի,- վրա բերեց հարևանի կինը:
Էս մեր Բիմը էդպես էլ «լավ աշխատող չդարձավ»:  Լավ աշխատող լինելու համար պիտի ատամներով տունը պահես, ամեն եկողի վրա էնքան հաչաս մինչև փոշմանի, հետ գնա:  Էս բրդոտը բոլորին էնքան էր սիրում, որ հերիք ա մեկը հայաթ մտներ, կգնար նոր տիրոջ պես կընդուներ, կատվի պես կքսվեր ոտքերին. էտ էլ հայաթի կատվից էր սովորել, ախպերներ  էին:

Ամեն անգամ Երևանից գալիս, ոգևորվորվում, գալիս  երկու մետր հեռավորությունից ձգվում ու դանդաղացրած կադրով  կեղտոտ ոտքերով ամբողջ մարմնով մեկ թռչում էր վրաս: Ես էլ դանդաղացրած կադրով գոռում էի.
-Չէ, Բիմ, չէ, Բիմ…-  ինքը հասկանում էր իհարկե, ուղղակի լուրջ չէր ընդունում ասածներս:

-Հա  մամ,  գործից ուշանում եմ:
-Բալես, շունը երկու օր ա` տուն չի գալիս:
-Մամ,  կգա, արձակուրդ ա գնացել:

Ֆեյսբուք.
«Ճամբարակում փողոցի մեջտեղում երեխաների առաջ շների զանգվածային սպանդ են իրականացնում, հանրային վայրում զենք օգտագործելով»:

-Բալես շունը հետ չի եկել:
-Չէ, մամ, կգա:
-Հարևանի հարսն ասում ա էդ թափառական կրակած շների մեջ սպիտակ շուն ա եղել…
-Մամա, ասում եմ կգա,  ասում եմ կգա…

Գյուղերում շները զբոսանքի մենակ էին գնում,  իսկ ես  արդեն ամիսներ ա  հավատում  եմ,  թե բոլոր ճանապարհներն իմացող Բիմը մոռացել ա ոնց են  հետ գալիս տուն:

(Թափառական (ոչ միայն) շների հարցը սենց ա լուծվում. կարճ, միանգամից, մի կրակոցով, փողոցում,  երեխեքի առաջ, որ աչքները սովորի, հանկարծ չմեծանան հարցնեն. «Բա կենդանիներին խի՞ են սպանում»):