Jemma

Գյուղացու տանջանքը

Հուլիսի տասի երեկոյան անձրև էր գալիս, բայց այդ անձրևը տարբերվում էր մնացած անձրևներից։ Տանը նստած գիրք էի կարդում։ Մի պահ վախեցած մտածեցի` կարկուտ է գալիս։ Մտածելուն պես աչքիս առաջ եկան դաշտերը, այգիները և, ի վերջո, այդ ամենը մշակող մարդը։ Բնազդաբար վազեցի պատուհանիս մոտ, կարծես դեմքիս ժպիտ հայտնվեց, որովհետև դա կարկուտ չէր, ուղղակի այնպիսի արագությամբ էր գալիս, որ թվում էր դույլերով լցնում էին գետնին։

Երբ անձրևը փոքր-ինչ դադարել էր, լույսերն անջատվեցին, ավելի շուտ հոսանքի լարերը վնասվել էին։ Այդ ժամանակ հայրիկս զանգահարեց․ ասում էր, որ տուն է վերադառնում ու շատ քաղցած է։ Ես և քույրիկս տան բոլոր անկյունները մոմեր էինք վառել, իսկ մայրիկը սեղան էր գցում։ Արդեն բոլորով ճաշի սեղանի մոտ էինք, երբ զանգահարեցին հայրիկիս տեղեկացնելու կարկտահարված դաշտերի մասին։ Չնայած դա մեղմ էր ասված։ Այն աստիճան էր եկել, որ ոչ մի նորմալ բույս չէր մնացել։ Այդ ամենը լսելուց հետո ընկա մտորումների մեջ․ «Այդքան ամիսներ մշակես, կարելի է ասել, երեխայի պես խնամես, վարկ կամ էլ պարտք անես ու վերջում մնաս դատարկաձեռն»։

Հաջորդ օրը փորձեցի զրուցել տուժած հողագործների հետ։ Բոլորը նույն բան էին ասում․

-Է՜ բալա ջան, մնացինք շիվար։ Էսքան տանջվելուց հետո նորից պարտքեր, ու դեռ հարց է` կկարողանա՞նք փակել վերցրածը։

Մի անգամ էլ կողքից լսեցի, թե երկու կին ինչպես են զրուցում․

-Սաղ ջարդել ա կարկուտը, բան չի մնացել կամ էլ մենակ քոքերը։

-Դե, շատ մի՛ մտածի, մի բան կլինի, էլի։

-Տո, ո՞նց չմտածեմ է, դրա հույսով պիտի ապրեինք, երեխուս վարձը պիտի տայի։

-Աստված մեծ ա, մի բան կլինի։

Դա ուղղակի պատկերացնել է պետք։ Այնքան դժվար է. տանջվել, բայց անօգուտ։ Տանջվել առանց եկամուտի, պարտքերով գոյատևել մինչև աշնանը բերք հավաքես ու վաճառես։ Ու դեռ հարց է` կհավաքե՞ս ինչ-որ մի բան, թե՝ ոչ։