karen

Որտե՞ղ ֆուտբոլ խաղանք

Շատ հարցեր կան, որ ինձ հուզում են: Օրինակ, թե ինչու մեր բակում չկա ո՛չ ցայտաղբյուր, ո՛չ խաղահրապարակ, և ո՛չ էլ բակը ասֆալտապատված է, նույնիսկ տանիքը փոխված չէ: Մեր շենքում կա միայն մեկ նստարան, որտեղ հաճախ առավոտյան տատիկներն են գալիս իրենց թոռնիկների հետ, ցերեկը՝ մենք՝ երեխաներս, իսկ երեկոյան բոլորս միասին:

Բայց ամենաշատը ինձ անհանգստացնում է մեր բակային ֆուտբոլը: Քանի որ մենք՝ շենքի երեխաներով, շատ ենք սիրում ֆուտբոլ խաղալ և տարբեր տարածքներ ենք փնտրում խաղալու համար: Մեր շենքից մի քիչ վերև բեռնատար ավտոմեքենաների կայանատեղ կա, որի մեծ մասը դատարկ էր: Մոտ մեկ տարի առաջ մենք բարձրանում էինք այդտեղ՝ ֆուտբոլ խաղալու: Այնտեղ խաղալը վտանգավոր էր, և մեր ծնողները արգելել էին մեզ բարձրանալ և այդտեղ ֆուտբոլ խաղալ: Դրանից հետո մենք իջնում էինք մեր ներքևի շենքի բակ՝ ֆուտբոլ խաղալու, բայց դա էլ էր վտանգավոր, որովհետև մենք դրա համար անցնում էինք միջազգային մայրուղին, որտեղով անցնում են տարբեր երկրների, տարբեր չափսերի ու տարբեր արագությամբ սլացող մեքենաներ: Ասեմ, որ ապրում եմ Վայքում, և մայրուղին անցնում է հենց մեր քաղաքի միջով:   Բացի այդ էլ, երբ գնդակը ընկնում էր հենց այդ միջազգային մայրուղու վրա, չինգաչունգ էինք անում և որոշում,  թե ով պիտի վերցնի գնդակը: Մնացել էր միայն մեր Վայքի «Արևիկ» մարզադաշտը, որը վերանորոգման մեջ է, և  էլ չենք կարող խաղալ, որովհետև դաշտի խոտը շատ բարձր է, և այնտեղ ավելի հաճախ անասուններ են արածում, քան մենք ֆուտբոլ խաղում:  Իսկ մենք որտե՞ղ ֆուտբոլ խաղանք: