arevik avetisyan portret

Գրի՞պ, դու էլ հոդվածի թեմա դարձար

Գրիպ, հազ, ջերմություն, մի խոսքով, մեր գյուղին էլ այցելեց սուր շնչառական վարակը, ու կարծես ես էլ հետ չմնացի իմ դասընկերներից ու վարակվեցի: Ամեն օր դպրոցականների կեսը ողջ հանրապետությունում բացակա է ստանում: Դե ինչ ասես, երեխաները հիվանդ են:

Մեր դպրոցն էլ հենց դրանցից մեկն է: Ամեն օր բազմաթիվ հիվանդներ, բացականեր, ու ցավալին այն է, որ բացակայած երեխաները հենց գալիս են դասի, մեր բացակաների քանակը չի պակասում, քանի որ հիվանդանում են մնացածները: Երբ պարզեցին, որ վիրուս է տարածված, այդ օրը մեր գյուղի դպրոցներում անասելի բացակայություններ եղան: Ստուգումների արդյունքում դպրոցի աշակերտների 50%-ը առանց դպրոց մտնելու վերադարձավ տուն, քանի որ հիվանդ էին և կարող էին վարակել մնացածին:

Ես այդ ժամանակ դեռ հիվանդ չէի, և թվում էր, թե չեմ էլ հիվանդանա, բայց այդ չարաբաստիկ հինգշաբթին ինձ հակառակը ապացուցեց, ես ևս վարակվեցի: Հիմա ես էլ եմ դասվել վարակվածների շարքին, բայց մեկ է, գնալու եմ դպրոց, քանի որ այս վերջին շաբաթները շատ կարևոր են. գրում ենք գրավորներ, ստուգում մեր ամբողջ կիսամյակում անցածը, գրավորների ժամանակ իրար ականջի «փսփսում ենք», թե որն է հարցի ճիշտ պատասխանը, և ի վերջո, իմանում ենք մեր ամբողջ կիսամյակում սովորածի ամփոփիչ գնահատականը: