mariam tonoyan

Երջանկության գերիներ

Երկա՜ր, շատ երկար եմ խորհել հասկանալու համար, թե ինչ է երջանկությունը, որին հասնելու համար անձնուրաց պայքարում են կյանքում ինչ-որ բանից մերժվածները: Զգացմունքային հոգեվիճա՞կ է, դրական զգացողություննե՞ր, գուցե բավարարվածություն կամ ուղղակի ուրախությո՞ւն: Մարդիկ ամբողջ կյանքում ձգտում են հասնել երջանկության, համարելով այն իղձերի գագաթնակետ: Ամենաբարի ցանկությունը, որ կարելի է լսել մերձավորներից` Երջանկություն եմ ցանկանում: Երջանկությունը ամբողջ կյանքում հետապնդվում է: Մարդը ձգտում է իր կյանքում ստեղծել պահեր, վայրկյաններ` ամփոփված ժպիտներով, փայլող հայացքներով, որոնք ամբողջ կյանքում հիշելու և վերապրելու է: Եվ եթե մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ մարդ սկսում է հավատալ, որ այդ վայրկյանը, րոպեն կամ ժամը տարիներ արժեն, և էլ ավելին պետք չէ նրան, ապա նա երջանիկ է: 

Կան մարդիկ, որոնք անձնազոհության գնով երջանկացնում են շրջապատին, անկախ իրենց իսկ տրամադրությունից: Դրանք ծնողներն են, ընկերները, շատ բարի մարդիկ, մշտապես երջանիկ տրամադրությամբ մարդիկ, որոնք վարակում են շրջապատին, ինչու՞ չէ, նաև ծաղրածուները: Զարմանալի է, որ ծաղրածուների մասին հենց ես եմ խոսում: Մանկուց, չգիտես ինչու, վախեցել եմ ծաղրածուներից, նրանց տարօրինակ հագուկապից, անբնական ժպիտներից, խեղկատակ շարժումներից: Մի խոսքով, միշտ խուսափել եմ այնպիսի վայրերից, որտեղ կարելի էր հանդիպել ծաղրածուների: Ինչևէ, դա տարօրինակ պատմություն է, վերադառնանք երջանկությանը:

Հետաքրքիր է, թե ինչ է երջանկությունը ծաղրածուների համար, երբ աշխատանքը ստիպում է երջանկացնել մարդկանց նույնիսկ այն դեպքում, երբ արցունքները խեղդում ես մի կերպ, իսկ ձայնդ դողում է և անզորությունից ծանրանում կոկորդումդ: Չէ որ բոլոր մարդիկ էլ տխրել գիտեն, ու ծաղրածուները, որ ստիպված են երջանիկ երևալով հանդերձ ծիծաղ պատճառել հանդիսատեսին իրենց ծամածռություններով ու միամիտ շարժումերով` նույնպես բացառություն չեն:

Հարյուրավոր անգամներ կարդացել եմ Վոյնիչի «Բոռ» գրքից հատված խեղկատակի մասին: Կուզենայի դուք էլ աչքի անցկացնեիք. «Մի՞թե երբեք ձեր մտքով չանցավ, որ դժբախտ խեղկատակն էլ հոգի ունի. մի ապրող, պայքարող մարդկային հոգի, որ շղթայված այդ անճոռնի մարմնին` ստիպված է նրա համար աշխատելու: Մի՞թե երբեք չեք խորհած այդ դժբախտ հոգու մասին, որ նույնիսկ այդ խաբուսիկ ցնցոտիներն էլ չունի իր սոսկալի մերկությունը ծածկելու համար: Երևակայեցեք, ինչպես նա դողում է ցրտից, կարկամում է սարսափից ու ամոթից այս բոլոր բազմության առաջ, ընդունելով կատակները իբրև խարազանի հարվածներ ու լսելով այն քրքիջը, որ այրում է շիկացած երկաթի պես…»

Այո՜, ծիծաղելով տանջվում են միայն ծաղրածուները:

Երբ փոքր էի, հիշում եմ, ինչ-որ տեղ լսել էի մի փոքրիկ պատմություն մշտապես տխուր ծաղրածուի մասին, որին ոչ ոք և ոչինչ չէր երջանկացնում, մինչդեռ նա ծիծաղ էր նվիրում բոլորին:

Գուցե երջանկություն ասվածը չափազանց լայն հասկացություն է օրինակիս համար և ավելի շատ ուշադրություն է պահանջում, բայց մի պահ մեզ պատկերացնենք տխուր ծաղրածուի դերում, ով ստիպված է ծիծաղ առաջացնել, և մի պահ ուղղակի խորհենք…

Որպես երանգավորում` հատված «Սարյակ մի սպանիր» գրքից.

…-Իսկ երբ ես մեծանամ, հավանաբար ծաղրածու կդառնամ,- ասաց Դիլլը։

Ես և Ջիմը զարմանքից տեղում քար կտրեցինք։

-Այո՛, հենց ծաղրածու, -ասաց նա։- Ես մարդկանց հետ չեմ կարողանում յոլա գնալ, ոչինչ չի ստացվում, ես միայն կարողանում եմ նրանց վրա ծիծաղել, ահա, ես էլ կգնամ կրկես և կծիծաղեմ այնքա՜ն, մինչև ուշագնաց լինեմ։

-Դու ամեն ինչ իրար խառնեցիր, Դիլլ, -ասաց Ջիմը:- Ծաղրածուները տխուր են լինում, և բոլորը ծիծաղում են հենց նրանց վրա։

-Էհ, թող այդպես լինի, իսկ ես ուրիշ տեսակ ծաղրածու կլինեմ։ Կկանգնեմ բեմի մեջտեղը և կծիծաղեմ բոլորի երեսին: