«Դեպ Արևելքն աստվածային՝ հայրենիքը իմ հոգու»

Հարցազրույց թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանի հետ

18579124_1803277543334845_1844011571_n

-Ողջույն, պարոն Ուլուբաբյան: Բոլորը Ձեզ ճանաչում են որպես թումանյանագետ, բայց, կարծեմ, Դուք միանգամայն այլ կրթություն եք ստացել։ Փորձենք բացահայտել՝ ինչպես և ինչու կյանքի ուղին տարավ Ձեզ դեպի թումանյանական պարզ ու բարդ աշխարհը:

-1973 թվականին ավարտել եմ պոլիտեխնիկը և մինչև 1987 թվականն աշխատել եմ տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում որպես ինժեներ-կոնստրուկտոր։ Իմ այդ գործունեության վերջին տարիներին մեր երկրում դպրոցը լքվում էր ուսուցիչների կողմից ցածր աշխատավարձի պատճառով։ Այդ ժամանակ մամուլում հաճախ էին հնչում ահազանգեր, կոչ–հրավերներ՝ դպրոցում աշխատելու… Ես որոշեցի գնալ դպրոց՝ մտածելով, որ, թեկուզ ավելի ցածր աշխատավարձով, նոր սերնդի դաստիարակությամբ զբաղվելով՝ մեր հայրենիքին ավելի մեծ օգուտ կտամ, քան իմ մասնագիտությամբ աշխատելով… Գնացի 183 դպրոցը, և սկսվեց իմ մանկավարժական գործունեությունը։ Սակայն 1988-ի փետրվարին Իգոր Մուրադյանի և էլի մի քանի ընկերների հետ միասին Երևանում կազմակերպեցինք Արցախյան շարժման հայաստանյան առաջին հանրահավաքները… Փետրվարի վերջին օրերին, մեր այդ խաղաղ ցույցերին ի պատասխան, Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայի աջակցությամբ Սումգայիթ քաղաքում կազմակերպեցին հայերի ցեղասպանություն…

Երբ 1990–ին իշխանության եկավ ՀՀՇ–ն, ես զգացի և հասկացա, որ մեր երկրի ապագան վտանգված է։ Անհրաժեշտութուն զգացի զբաղվելու երկրի զարգացման գաղափարախոսությամբ, որի մեջ կարևոր, առանցքային դեր պետք է ունենար մանկավարժությունը, նոր սերնդի դաստիարակության գործը… Աշխատանքի անցա ՀՀ ԿԳ նախարարության ուսումնամեթոդական կենտրոնում` նոր դպրոցի ծրագրեր մշակելու նպատակով։ Նոր սերնդի դաստիարակության գործում մեծ դեր պետք է ունենա հայ գրականությունը, որի առանցքային դեմքը, իմ խորին համոզմամբ, կարող է լինել «մեր նոր քերթության անհաս Արարատը»՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Ահա թե ինչպես և ինչու սկսեցի զբաղվել այդ չափազանց բարդ, բայց շատ կարևոր (մեր գլխավոր նպատակի համար) գործով՝ թումանյանագիտությամբ։

-Շատերը համարում են, որ Թումանյանի ստեղծագործական աշխարհը լիակատար ուսումնասիրված է, և այլևս բացահայտելու ոչինչ չկա: Դուք ի՞նչ կարծիքի եք այս մասին, ի՞նչ խնդիրների է առնչվում մերօրյա թումանյանագիտությունը:

-Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե Թումանյանի ստեղծագործական աշխարհը լիակատար ուսումնասիրված է, և որ այլևս բացահայտելու ոչինչ չկա: Նախ, հարկ եմ համարում հիշեցնել, որ երբ 1994 թվականին  Թումանյանի ծննդյան 125–ամյակի առթիվ հարգարժան գիտնական ակադեմիկոսը՝ թումանյանագետ Էդ. Ջրբաշյանը գրեց «Թումանյանագիտության հերթական խնդիրները» ծրագրային հոդվածը, դրանում նա թվարկեց մի շարք դեռևս չուսումնասիրված հարցեր։ Բացի դրանից՝ ընթերցելով այդ հոդվածը՝ նկատեցի, որ կրկին անտեսված են Թումանյանի կրոնափիլիսոփայական, թաքնագիտական աշխարհայացքին վերաբերող հարցերը: Եվ, անհրաժեշտաբար, ստեղծվեց  թումանյանագիտության երկրորդ ճյուղը։ Գրեցի ծրագրային հոդված՝ «Թումանյանագիտության երրորդ փուլը և նրա խնդիրները», որը որոշ կրճատումներով ու աղավաղումներով տպագրվել է «Կրթությունը եվ գիտությունը Ղարաբաղում» պարբերականի 1997թ. N 1-ում։ Նշեմ նաև, որ Թումանյանն իր մահից երկու ամիս առաջ ասել է․ «Ես գիտեմ՝ մի օր, իհարկե, ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու, շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան… Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել…»։ Կարելի է ասել՝ պաշտոնական, ակադեմիական թումանյանագիտությունն այդ «ուրիշ բան»–ի մասին ոչինչ չի ասել։ Ես զբաղվել եմ, հիմնականում, այդ «ուրիշ» Թումանյանի բացահայտմամբ։ Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ խնդիրների է առնչվում մերօրյա ակադեմիական թումանյանագիտությունը։

-Զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ ունի թումանյանագիտությունն այսօր, և արդյո՞ք նոր սերունդը հետաքրքրված է այս ուղղությամբ:

-Իմ նշած թումանյանագիտությունը կարող է ծառայել ինչպես հայ գրականության ներկա քաոսային վիճակից ու ճգնաժամից դուրս գալուն, այնպես էլ ազգային գաղափարախոսություն մշակելու գործին։ Ինչ վերաբերում է նոր սերնդին. ավագ սերունդը շարունակում է նրան շեղել իրական արժեքներից։ Անհրաժեշտություն կա ստեղծելու մի նոր թումանյանական «Վերնատուն»։

-Դուք ձեր բազմաթիվ հոդվածներում բացահայտում եք ո՛չ միայն Հովհաննես Թումանյան պոետին, այլև դիտում եք նրան տարբեր հարթություններում՝ Թումանյան-բժիշկ («Ամենայն Հայոց Բանաստեղծը նաև բժիշկ»), Թումանյան-բնասեր («Թումանյանի վերաբերմունքը կենդանիների նկատմամբ»), Թումանյան-քաղաքացի և այլն, նույնիսկ բանաստեղծություն ունեք նվիրված մեծ պոետին (Թումանյանին, 12.03.96), կարո՞ղ ենք ասել, որ թումանյանական աշխարհն ու թումանյանագիտությունը Ձեզ համար ոչ միայն մասնագիտություն է, այլև կենսակերպ:

-Ինձ համար թումանյանագիտությունը միջոց է, կարևոր գործոն է բարձր կուլտուրայի երկիր Հայաստանի գաղափարախոսության հիմքերն ամրապնդելու համար, հայ գրականության զագացման չափանիշներն ու ուղենիշները մշակելու համար։

-Գրող լինելուց բացի՝ Թումանյանը նաև մեծ փիլիսոփա է, ինչի ապացույցը նրա բազմաթիվ քառյակներն են: Զարմանալի է, բայց այդքան փոքր ծավալի մեջ արտահայտված գաղափարները հայելային արտացոլմամբ մեր իրականությունն են պատկերում: Ինչպե՞ս է հեղինակը կարողացել այդքան ճշմարտացիորեն զգալ ժամանակի զարկերակը: Կա՞ արդյոք մի քառյակ, որ Դուք հատկապես առանձնացնում եք:

-Թումանյանը մեր այն հանճարն է, որն իր մտածողության, գիտակցության մեջ համադրել է կրոնը, փիլիսոփայությունն ու գիտությունը։ Իմ ուսումնասիրությունները  հաստատում են, որ բանաստեղծի ողջ կյանքի և ստեղծագործության նշանաբանն էր՝ «միշտ դեպի Վեր», որ նույնն է՝ դեպի Աստված, կատարյալը, անհունը, անհայտը, անճառ մինը։ Եվ այդ հոգու վերելքի ճանապարհին նա դառնում է հեռազգաց (տելեպատ), պայծառատես ու սրտագետ (գաղտնագետ)… Վստահորեն կարելի է ասել, որ ոչ միայն մեր օրերի բանաստեղծներն ու գրողները, այլ նաև փիլիսոփաներն ու հոգեբանները շատ բան կարող են սովորել մեր Մեծ Լոռեցուց…

Թումանյանը քառյակներ շատ ունի, որոնք հատկապես առանձնացնում եմ, կախված միջավայրից, զրույցի թեմայից, մի խոսքով՝ կախված նպատակից։ Հիշեցնեմ դրանցից երեքը։ Մեկը արևելյան փիլիսոփայության, բուդդայականության, յոգայի մեջ հայտնի հոգու վերամարմնավորման օրենքն է, որը Թումանյանը շատ սեղմ ու գեղեցիկ ձևով ամփոփել է քառյակի մեջ.

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ.
Ես եղել եմ, կա՛մ, կլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:

Երկրորդը քառյակն է, որը կոչվում է «Սի՛րտ».

Դու գիտես մենակ ճամփեն երկնքի,
Դու գիտես գաղտնիքն երջանիկ կյանքի,

Դու գիտես ամենն ամենից առաջ,
Քու խոսքն է օրենքն ամեն օրենքի։

Սա Թումանյանի միակ քառյակն է, որ վերնագիր ունի։ Մի պահ պատկերացրեք քառյակն առանց վերնագրի. կստացվի մի բարդ հանելուկ…

Երրորդ քառյակը, որ հաճախ առանձնացնում եմ գաղափարական, քաղաքական կողմնորոշումների մասին զրույցներում, սա է․

Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու՝
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային՝ հայրենիքը իմ հոգու…