shushan stepanyan portret

Երբ արդեն ավարտում ես

Մեկ-մեկ տանը նստած՝ մտածում եմ. «Մամա ջա՛ն, արդեն չորրորդ կուրս եմ»: Անկեղծ, ոնց որ երեկ լիներ, որ լացելով հավաքում էի իրերս, գրկում հարազատներիս ու, Երևանի և ուսանողական կյանքի մասին առասպելներով, ճամփա ընկնում դեպի նոր՝ ավելի բարդ ու հետաքրքիր, ավելի հագեցած ու աշխույժ կյանք: Նայում եմ ամսաթվին ու արդեն մեկ ամսից ես դասի չեմ լինելու: Չգիտեմ, մի տեսակ ոչ լիարժեքության զգացում կա մեջս ու երկմտանքներ անընդհատ. ո՛չ ուզում եմ դասի գնալ, ո՛չ ուզում եմ ավարտել: Տարօրինակ է, չէ՞:

Այս տարի ես լրիվ տարբերվում եմ մնացած երեք տարիների ուսանողի իմ կերպարից: Չկար մի օր, որ դասի չնստեի, առանց տնայինն անելու հանգիստ քնեի ու չնեղսրտեի անպատրաստ լինելուս համար: Իսկ հիմա, էհ, հեչ էլ պետքս չէ, որ մի օր կուշանամ դասից, անպատրաստ կլինեմ կամ թերի կպատասխանեմ: Ես էլ չեմ հասկանում, թե ոնց կարող էի այսքան արագ ծուլանալ ու անհավես դառնալ: Հիմա էլ փոշմանել եմ, որ չորս տարիներս տվել եմ լեզու սովորելուն. մի բան, որ մի քանի ամիս լավ պարապելու դեպքում էլ կսովորեի: Չնայած, գիտեմ, որ սա է իմը, իմ անգլերենն ու լեզվական ուժեղ մտածողությունը:

Ինքս ինձ մխիթարելու համար մտածում եմ, որ երևի վերջին պահին փոշմանած լինելու, ծուլանալու պահերը գրեթե բոլոր ավարտողների հետ են լինում, ու փորձում եմ բնական համարել դա, որ ավելի չնեղվեմ:

Երկուշաբթի գիտեմ, որ, օրինակ, պարտադիր պիտի առաջին ժամը նստեմ, բայց առավոտյան հասկանում եմ, որ հերիք է, ինչքան առաջին ժամերին գնացել եմ, և ուրախ-ուրախ գիտակցում եմ, որ քնից թանկ բան չկա կյանքում: Գիտեմ, է, ախր, որ պատմության մեջ լինելու եմ միակ ուսանողը, որն ավարտելիս հոնգուր-հոնգուր լացելու է, ու արդեն ինձ տրամադրում ու համոզում եմ, որ պիտի պինդ պահեմ ինձ: Դպրոցում գրեթե բոլորը գիտեին, որ ամենածանրը ես եմ տանում դպրոցը լքելու փաստը, չեմ ուզում, որ նույնը համալսարնում իմանան: Շատ արագ եմ մերվում ու կապվում այն մարդկանց ու այն միջավայրին, որտեղ ապրում եմ ու որտեղ սիրում ու սիրված եմ, դրա համար էլ բաժանվելն ու ավարտելն այդչափ տանել չեմ կարողանում: Ու գիտեմ, որ հենց ավարտենք, փոշմանելու եմ, որ առաջին ժամերին բացակայել եմ, որ վերջին ժամերին զանգել եմ դասախոսներին ու ասել, որ գնում ենք տուն, բայց, ախր, դասի էլ չեմ կարողանում նստել, է:

Ու մի տարօրինակ բան էլ. ես դեռ չեմ պատկերացնում իմ՝ ավարտելուց հետո-ն, ու երբ ինձ հարցնում են, թե ինչ եմ ուզում աշխատել, ես սառը հոգոց եմ հանում ու ասում, որ չգիտեմ: Եվ, իսկապես, չգիտեմ: Ամեն ինչ այնքան վերացական ու այնքան անորոշ է ինձ մոտ հիմա, որ ինքս ինձ հետ սկսում եմ կռիվ անել ու փորձել հասկանալ, թե վերջապես ինչն է ամենից հոգեհարազատը ինձ:

Եվ, վերջում, իհարկե, միշտ նույն եզրահանգմանն եմ գալիս՝ իմը անհագ երազելն ու սիրելն է, սենց բան կլինի՞. դրանցով հո չե՞ս մտնի խանութ ու ասես. «Գիտե՞ք ինչ, ես շատ երազկոտ եմ, ինձ երկու հաց և մեկ պաղպաղակ տվեք»…