sona mkhitaryan

Դժգոհում եմ և առաջարկում

Ուզում եմ խոսել մեր այսօրվա հեռուստատեսության մասին: Հիմա, որ ալիքը փոխում ենք, հնդկական սերիալներ են, երեխաների համար ոչ մի հարմար հաղորդում չկա, որը որևէ հետաքրքրություն կառաջացնի որևէ բնագավառում:

Քաղաքում գոնե երեխաների համար զարգացման կենտրոններ կան, խաղահրապարակներ, իսկ գյուղում, արդեն կարելի է ասել, բակային խաղերն էլ են դուրս եկել, միայն հեռախոսային խաղեր` փոքր տարիքից, իսկ դա անդրադառնում է տեսողության վրա: Երեխաները ստիպված նստում ու իրենց ծնողների հետ դիտում են այն, ինչ նրանք են դիտում: Այնքան են խորանում սերիալների մեջ, որ սկսում են իրար սերիալի հերոսների անուններով կոչել: Առաջ կային մանկական հաղորդումներ, որոնք ես դիտել եմ, իսկ հիմա երեխաները դարձել են հաղորդավարներ և այդ վարած երաժշտական հաղորդումը ես ինքս չեմ կարողանում նայել: Լավ,սերիալները չեն վերացնում, գոնե երեխաների զարգացման մասին մտածեն և ուսուցողական հաղորդումներ կամ մուլտֆիլմեր հեռարձակեն:

Կարո՞ղ են չէ՞, օրինակ, հաղորդումներ լինել, որտեղ ամենափոքրերին հանրամատչելի ձևով սովորեցնեն տառերը, թվաբանություն, մեզ շրջապատող աշխարհի մասին, լինեն հաղորդումների պատմության թեմաներով, էկոլոգիայի, մեզ ներկայացնեն Հայաստանի տաղանդավոր երեխաներին, պատանեկան հրատապ հարցեր քննարկեն և այլն: Մի՞թե իրոք հավատում եք, որ տնային տնտեսուհիների ու թոշակառուների համար նախատեսված սերիալները նաև մեզ համար են: