arxiv

Եվ սրտի ծակոց

Այս տարի էլ ծնողներս ինձ ուղարկեցին գյուղ. ես պարտավոր էի հանգստանալ։ Գյուղ գնալ չեմ սիրում, որովհետև ձանձրանում եմ։ Ինչպես և սպասվում էր, օրերն անցնում են միապաղաղ և ձանձրալի։ Սակայն մի անգամ, երբ հայրս եկավ գյուղ, կյանքն ասես փոխվեց։ Նա հովվաշան փոքրիկ ձագ էր բերել։ Ես շատ ուրախացա, բայց ուրախացողը միայն ես էի։ Շանը բնակեցրի իմ սենյակում, թեև մեր գյուղի տունը մեծ բակ ուներ։

-Ես տանը շուն չեմ պահելու,- հայտարարեց մայրս։

-Շանը ես եմ պահելու, դեռ հետս էլ Երևան եմ տանելու,- ասացի նրան։

-Դա դեռ կտեսնենք,- գունատվեց մայրս,- սա ինչ փորձանք էր, որ հայրդ հնարեց, մեզ սա էր պակաս։ Դե արի՝ սրան ճաշ եփիր, կերակրիր, մաքրիր։

-Այդ բոլորը ես կանեմ,- վճռական ասացի ես ու սենյակից դուրս եկա ՝ դեռ լավ չպատկերացնելով, թե ինչ է ինձ սպասվում։

Շունն անխոս իմ հետևից դուրս եկավ, ասես ինքն էլ հասկանում էր, որ անտեղի է հայտնվել մեր տանը։ Սկզբում ես ուղղակի մերոնց հակառակվելու համար էի շանը խնամում, բայց կամաց-կամաց հասկացա, որ նա արդեն կարծես իմ ընկերը լինի, թանկագին մեկը, ում հետ նյարդայնացած ժամանակ դուրս էի գալիս զբոսանքի, շոյում գլուխը, իսկ նա իր թախծոտ հայացքով այնպես էր ինձ նայում, ասես ամեն ինչ հասկանում էր։ Որպեսզի մերոնք հանդիմանելու առիթ չունենային, շատ հետ կապված ամեն ինչ ինքս էի անում. իմ խնայած գումարով կեր էի գնում, ճաշ էի եփում, երբ ուրիշները խաղում կամ հանգստանում էին, տանջվում էի շանը մի բան հասկացնելու․․․ Առավոտյան արթնանում էի շատ շուտ, որպեսզի շանս հանեմ բակ։ Սակայն ինչքան էլ շուտ արթնանայի, շունս իր կարիքները սենյակում արդեն հոգացած էր լինում։ Ես արագ-արագ սկսում էի մաքրել, որ մայրս չտեսնի։ Երբ խոսք էր գնում շանը ուրիշին տալու մասին, բոլորը ոգևորվում էին, ասում, թե ինչ դժվար է խնամելը։

-Այդպես շան համար ավելի լավ կլինի,- պնդում էին միահամուռ։

Բայց ոչ մեկին չէր մտահոգում իմ հոգեվիճակը․ իսկ ե՞ս, չէ՞ որ շունն իմ ընկերն է դարձել։

Ինչքան վերադարձի ժամանակը մոտենում էր,  այնքան անտանելի էր դառնում։ Նույնիսկ շանն էր թախիծ պատել, ասես կանխազգում էր մեր մոտալուտ բաժանումը։

Մի օր էլ եկան շանս տանելու: Ես սենյակից դուրս չեկա, ոչ նրա իրերը հավաքեցի, ոչ էլ հրաժեշտ տվեցի։

Իմ շնից ինձ հիշատակ է մնացել միայն մի քանի կրծած իր, վզնոցը և սրտի ծակոց նրան հիշելիս․․․

Արսեն Բաբաջանյան, 15 տ․, 2002