Դրսում գարուն է, մեր աչքերում՝ հույս, հավատ վաղվա լուսավոր օրվա նկատմամբ, բայց ինչպե՞ս գա այդ լուսավոր օրը, երբ մենք ամեն օր արգելում ենք նրան գալ:
19-րդ դարի հանճարի բարձունքից Նիցշեն հնչեցնում էր մարդկության ահեղ դատավճիռը. «Աստված մահացավ. մե՛նք սպանեցինք նրան»: Մեր շուրջը, մեր լուսավոր աչքերի դեմ, մեր սրտերում արդեն ո՜րերորդ անգամ մենք սպանում ենք աստծուն: Նա սպանվում է այն մարդու սրտում, որը յուրացնում է մանկատան բյուջեն՝ ևս մի անգամ ապտակելով կյանքի դաժան ձեռքից ապտակված մանուկներին: Աստված սպանվում է վատ ուսուցչի և այն բժշկի սրտում, որն սկսում է մարդուն նայել որպես հերթական գործի և փորձում նրա դժբախտությունից առավելագույն շահ կորզել: Ժողովուրդն ասում է՝ հարուստի սխալները փողն է ծածկում, բժշկինը՝ հողը: Եվ գարնան այս կյանքով լեցուն օրը համրորեն իրար են հավաքվում մի թարմ գերեզմանի երկու եզրեր ու եղբայրաբար գրկելով իրար՝ թաքցնում մեր լուսավոր օրվա դեմ շպրտված մի բժշկի հաղթական քմծիծաղ: Ժողովուրդը նաև ասում է՝ մի կաթիլ յուղը կարող է մի ողջ կարաս մեղրը փչացնել, ու դժվարանում եմ հասկանալ՝ Հիպոկրատի հայ աշակերտների կարասում մե՞ղր է, թե՞ թանձր յուղ: Այսօր Հայաստանում ամենածաղկուն բիզնեսներից մեկը բշժկությունն է դարձել, և սպիտակազգեստ որսորդները հմտորեն իրենց ոստայնն են փաթաթում ձեռքներն ընկած հաճախորդներին (թող ինձ ներեն բոլոր նրանք, որոնց սրտում դեռ մարդկային զգացմունքներ են մնացել, և ովքեր իսկապես արժանի են բժշկի բարձր կոչմանը): Ժողովուրդը բժշկի նկատմամբ հավատ չունի, և պատճառներից մեկն էլ այդ է, որ դանակը ոսկորին հասնելուց հետո են միայն դիմում նրանց: Ձեզ միանգամայն առո՞ղջ եք զգում, դիմեք որևէ բժշկի, և ձեզ բազմակողմանի հետազոտություններից հետո լուրջ դեմքերով կվստահեցնեն, որ դուք այսինչ հիվանդության դեմ խորը և երկարատև բուժման կարիք ունեք, կամ եթե անհապաղ չանեք այնինչ վիրահատությունը, ապա ուղղակի կմեռնեք: Ի վերջո, արդյունքը նույնն է:
Ամեն անգամ, երբ բժիշկներն իրենց պարտքը «բարձր մակարդակով» կատարելուց հետո մարդուն ուղարկում են հավերժական ճամփորդության, տատս պատմում է իր փոքրիկ խնդուկը. «Պոչկեքերիս հմար մի օր Էրևան գնացի մի պռաֆեսրի կուշտը, ասավ՝ պետկ ա անպայման վիրահատես, ասի՝ ինչքա՞ն գարանտյա եք տալի, որ նարկոզից եդ կգամ, ասավ՝ հինգ տոկոս, ասի՝ ես քի խոստանմ եմ դեռ 5 տարի հա՛ստատ ապրիմ,- քմծիծաղում է,- ընդեն դեսը արդեն 15 տարի ա անց կացել…»:
Դրսում գարուն է, իսկ մի թարմ հողաթմբի վրա աջ ու ձախ թափված են մեր հույսի ճերմակ թռչնի արյունոտ փետուրները: