Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Մի կտոր հայրենիք

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Կիրակի օր էր: Այն սովորական կիրակի օրերից մեկը, երբ բոլորս մի մարդու պես արթնանում ենք առավոտյան ժամը 8-ին, հագնվում ու պատրաստվում գնալ եկեղեցի:

Պատարագից մոտ 15 րոպե էր անցել, երբ տիկին Էմիլին (հոսթ ընտանիքիս մտերիմ ընկերներից մեկը) շնչակտուր մոտեցավ ինձ, բռնեց ձեռքս ու «Էստեղ են, էստեղ են» կրկնելով ուղղվեց դեպի դռները: Վերջապես կանգ առանք մուտքի մոտ: Աչքերս անհանգիստ որոնումների մեջ էին: Հարյուրավոր մարդկանց մեջ անգիտակցաբար փնտրում էի՝ ինքս էլ չգիտեի, թե ում: Հանկարծ հայացքս կանգ առավ: Հուզմունքի ու ուրախության մի ջերմ, անսպասելի ալիք խառնեց ամբողջ էությունս: «Էստեղ են»,-շշնջացի ես ու քայլերս ուղղեցի դեպի նրանց:

-Բարև ձեզ,- ոտքի կանգնելով ինձ ողջունեց կինը:

Ու նրա «բարև»-ը երբևէ լսածս բարևներից անբացատրելի տարբեր հնչեց…

ԱՄն-ում անցկացրածս ամիսների ընթացքում մի նոր հիվանդություն եմ ձեռք բերել: Կոչվում է «հայրենակարոտ»:

Ախտանիշներն են՝

-Հայերեն խոսելու և լսելու խիստ պահանջ:

-Հայֆիլմի գլուխգործոցներն անդադար վերանայելու սովորություն:

-Գյուղի տնական հաց ու պանրի անտանելի կարիք:

Այս կնոջ «բարև»-ը որպես դեղամիջոց ազդեց:

-Բարև Ձեզ,- պատասխանեցի ես՝ ձեռքերիս մեջ առնելով նրա ձեռքերը: Երկուսիս աչքերը լցվեցին ուրախության արցունքներով:

Մեզ մոտեցավ նրա դուստրը՝ Արուսիկը: Արցունքներ, ժպիտներ, գրկախառնություններ, ժամից ավելի տևող զրույց: Ահա թե ինչ է պատահում, երբ օտարության մեջ ապրող հայերը գտնում են միմյանց:

-Հայը պիտի հայ մնա: Մեր Հայաստանից լավ տեղ չկա,- կրկնում էր Արուսիկի մայրն արցունքն աչքերին: Տարուց ավելի էր, ինչ տեղափոխվել էր էստեղ՝ իր դստեր մոտ, բայց միևնույն է, չէր հարմարվում:

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Արուսիկի փոքր աղջնակը մոտենում է ինձ, գրկում ու Գյումրու քաղցր բարբառով ասում.

-Ես քեզի շատ կը սիրեմ:

Ես ժպտում եմ, շոյելով աղջնակի գլուխը:

Երկար զրույցից հետո նրանց ուղեկցում եմ դեպի դռները: Երեխաներից ամենքի

ձեռքում գրպանումս մնացած կավե նռներից եմ դնում ու բարի ճանապարհ մաղթում:

-Դեռ կհանդիպենք, դեռ անպայման կհանդիպենք: